Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական քաղծառայողին հրաժարական են պարտադրել


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, Երեւան, 17-ը մարտի, 2012թ.
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, Երեւան, 17-ը մարտի, 2012թ.
Քաղաքաշինության նախարարության Արագածոտնի մարզի քաղաքաշինության տեսչության բաժնի պետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ Գրիշա Եդիգարյանին պարտադրել են հրաժարականի դիմում գրել եւ օգոստոսի 8-ին ազատել են աշխատանքից։ Համենայն դեպս, այսպիսի մեկնաբանություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ըստ նրա` Գրիշա Եդիգարյանը ընդամենը արձակուրդ մեկնելու դիմում էր ներկայացրել, սակայն նրան մեկ օր անց ետ են կանչել եւ պարտադրել փոխել դիմումը:

«Էդպես որոշված է, որ «Բարգավաճ»-ի ներկայացուցիչը չպիտի աշխատի, եւ ուղղակիորեն ասել են, որ նա պիտի հրաժարականի դիմում գրի։ Ըստ Գրիշա Եդիգարյանի, ինչպես փոխանցել է նախարարության աշխատակիցներից մեկը` դա ուղղակիորեն մարզպետի եւ վարչապետի հանձնարարականն է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղարի հավաստմամբ` Գրիշա Եդիգարյանը դիմումը չի թվագրել, կուսակցությունում տեղի ունեցած քննարկումից հետո էլ որոշել է դիմումը ետ վերցնել, սակայն այն արդեն թվագրված եւ մակագրված է եղել:

«Գրիշա Եդիգարյանը փորձել է, ասել է` «ինձ տվեք գոնե իմ արձակուրդի դիմումը», որպեսզի հետագայում բողոքարկելու համար հիմքերը լինի ձեռքում, ամբողջ նախարարությունում փնտրել են արձակուրդի գնալու դիմումը եւ էդպես էլ նրան իր արձակուրդի դիմումը չեն տվել, ասել են` «չգիտենք` այն նախարարության որ ինստանցիայում է կորել», - փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը։

Գրիշա Եդիգարյանը քաղծառայող է եւ, ինչպես տեղեկացրեց Զոհրաբյանը, չի բացառվում, որ իրավական կարգով փորձի լուծել այս խնդիրը։

Խոսելով իրենց կուսակցության անդամին աշխատանքից հեռացնելու հավանական տարբերակների մասին` ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. - «Այդ տեղը խոստացվել է ինչ-որ մի այլ քաղաքական ուժի, եւ ուղղակիորեն փորձել են առիթը օգտագործել` մարդուն պարտադրել հրաժարական»։

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց մեկնաբանություն լսել նաեւ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկից, սակայն այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ո՛չ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի, ո՛չ էլ խոսնակ Էդվարդ Շարմազանովի հետ. վերջիններիս հեռախոսներն անհասանելի էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG