Մատչելիության հղումներ

logo-print

Իրանը ադրբեջանցիների համար սահմանել է վիզային ռեժիմ


Ցույց Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն Իրանում ձերբակալված ադրբեջանցի երկու գրողների, 6-ը օգոստոսի, 2012թ.

Ցույց Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն Իրանում ձերբակալված ադրբեջանցի երկու գրողների, 6-ը օգոստոսի, 2012թ.

Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար սահմանել է ժամանակավոր վիզային ռեժիմ` անվճար հիմունքներով: Բաքվում Իրանի դեսպանն առանձնացրել է Նախիջեւան այցելելու համար վիզայի անհրաժեշտության հարցը:

Այս նորամուծության առիթը Թեհրանում նախատեսված Չմիավորման շարժման անդամ երկրների ներկայացուցիչների համաժողովն է. Իրանի իշխանություններն այսպիսով ապահովում են 16-րդ համաժողովի մասնակիցների անվտանգությունը: Սեպտեմբերի 1-ից հետո վիզային ռեժիմը, ըստ Իրանի իշխանությունների հավաստիացումների, չեղյալ կհամարվի:

Վիզային ռեժիմի որոշումն ուշագրավ է հատկապես այն իմաստով, որ գարնանից երկու երկրների հարաբերությունները ճգնաժամի բնույթ ստացան: Դեսպանատների եւ հյուպատոսությունների առջեւ ցույցեր էին տեղի ունենում, երկուստեք պաշտոնական մակարդակով հնչում էին կտրուկ հայտարարություններ:

Ի դեպ, Իրանում մեկնարկել է ադրբեջանցի երկու գրողների` Ֆարիդ Հուսեյնի եւ Շահրիար Գաջաիձեի դատավարությունը: Վերջիններս մեղադրվում են Իրանի անվտանգության համար սպառնալիք հանդիսացող արարքների մեջ: Նրանք Իրան էին այցելել պոեզիայի փառատոնին մասնակցելու նպատակով եւ ձերբակալվել էին մայիսի 2-ին: Տեւական ժամանակ անհայտ էր, թե նրանց ինչ պայմաններում են պահում Իրանի իշխանությունները: Իսկ երեկ ադրբեջանցի գրողները դատարանին հայտնել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, եւ պնդել, թե Իրան էին այցելել` բացառապես հետաքրքրված լինելով պոեզիայի փառատոնով: Դատարանն առայժմ չի հստակեցրել, թե հատկապես որ հոդվածով են մեղադրվում ադրբեջանցի գրողները: Այդ հարցի կապակցությամբ որոշումը, ըստ «Թրենդ» լրատվական գործակալության, կլինի առաջիկա օրերին:

Այս իրադարձությունների ֆոնին հետաքրքիր է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյիդ Աբաս Արաղչիի վերջին հայտարարությունը. նա IRNA գործակալությանն ասել է, որ Ադրբեջանի հետ Իրանը բանակցում է ձերբակալվածներին փոխանակելու հարցով:

Եվ չնայած սրված հարաբերություններին` Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հարկ է համարել նշել, թե երկու երկրները փոխադարձ հետաքրքրություններ ունեն «հարաբերություններում առաջընթաց արձանագրելու հարցում, այդ թվում` քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում»: «Բայց կան ուժեր, որոնք ցանկանում են փչացնել մեր հարաբերությունները», - փոխնախարարի խոսքերն է փոխանցում «Թրենդ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG