Մատչելիության հղումներ

Օգոստոսի 9-ի մամուլ


Երեւանյան մամուլն այսօր լայնորեն արձագանքել է Պուտին - Սարգսյան հանդիպմանը:

«Ժամանակ»-ը գրում է. - «Պուտինը հիշատակել է Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտների մասին` ասելով, որ դրանք կազմում են տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար, ինչը Հայաստանի համախառն ներքին արդյունքի զգալի մասն է: Ռուսաստանը, ըստ էության, հիշեցնում է Հայաստանին տասնյակ հազարավոր միգրանտների մասին, որոնք, ըստ էության, դարձել են Ռուսաստանի պատանդը Հայաստանի հետ հարաբերություններում: Բանն այն է, որ այդ մարդիկ եւ նրանց ընտանիքներն աշխատում եւ ապրում են, կամ նրանց հարազատները Հայաստանում ապրում են ռուսական աշխատանքի հաշվին: Այդ հիշեցումը հատկանշական է այն առումով, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման հիմնական առանցք էր դիտվում այն, որ Պուտինը Սերժ Սարգսյանի առաջ պետք է ուղղակի դներ Եվրասիական միության իր նախագծին միանալու հարցը: Ռուսաստանը, այդպիսով, Հայաստանին երեւի թե ակնարկում է, որ Ռուսաստանում աշխատող եւ Հայաստանի տնտեսության համար ահռելի նշանակություն ունեցող տրանսֆերտային ռեսուրսը կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանում, ինչն էլ կարող է իր հերթին խնդիր լինել Հայաստանի իշխանության համար, եթե այդ մարդիկ նոր աշխատանք չգտնեն արտերկրում եւ վերադառնան Հայաստան»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ռուսական կապիտալն իրեն Հայաստանում հարմարավետ է զգում», - երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը։ Նա իհարկե իրավացի է, պարզապես հարմարավետ ասվածը շատ մեղմ է։ Իրականում ռուսական կապիտալը ՀՀ-ում ոչ թե իրեն հարմարավետ, այլ ամենազոր ու ամենաթող է զգում։ Նրա առջեւ Հայաստանի Հանրապետությունում ամենուր կանաչ լույս է վառվում, եւ ռուսական ընկերությունների` երբեմնի լկտիության հասնող պահվածքը ոչ միայն որեւէ կերպ չի չափավորվում ՀՀ-ի առայժմ գոնե ֆորմալ առումով ինքնիշխան համարվող պետական մարմինների կողմից, այլեւ դեռ մի բան էլ ՀՀ քաղաքացիների մուծած հարկերի հաշվին գործող եւ այդ նույն քաղաքացիների շահերի պաշտպանությանը կոչված կառույցների կողմից ներքին կարգով խրախուսվում է։ Ասվածի լավագույն օրինակն է «Բիլայն»-ի գործունեությունը: Այս ընկերությունն արդեն սովորույթ է դարձրել իրեն հարմար պահին խափանել ողջ երկրի հեռահաղորդակցման համակարգը` հարյուր հազարավոր մարդկանց պատճառելով ճակատագրական անհանգստություն: Նորմալ երկրներում նման խափանումների համար տվյալ ընկերության նկատմամբ պատկան մարմինները խստագույն միջոցներ կկիրառեին` սկսած մեծ տուգանքներից, ավարտած արտոնագրից զրկելով: Մեզ մոտ, սակայն, նման բան չի կարող լինել, քանի որ, ինչպես արդեն նշվեց, Հայաստանի նախագահի մակարդակով որոշված է, որ ռուսական կապիտալը Հայաստանում պետք է իրեն հարմարավետ զգա»:

«Հրապարակ» թերթի խմբագրականն արձանագրում է. - «Մեր` դեռ սովետական շրջանից տողատակերում կարդալու ունակ հասարակությունը սկսեց գուշակություններ անել, թե ինչ է նշանակում այն, որ Պուտինն իր խոսքում հիշատակել է Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտների եւ նրանց՝ մոտ մեկ միլիարդ դոլարի հասնող տարեկան տրանսֆերների մասին, որոնք կազմում են մեր ՀՆԱ-ի զգալի մասը:
Ինչ է նշանակում Պուտինի «շնորհակալությունը» ՀՀ կառավարությանը, որն «աջակցում է իրենց ներդրումներին»: Եվ վերջապես. ինչ է նշանակում ՀՀ նախագահի խոսքը գազի գնի վերանայման պայմանավորվածության մասին: Եվ վերջապես, հանդիպման օրը՝ օգոստոսի 8-ը, ոմանց կարծիքով, բոլորովին էլ պատահական չի ընտրված: Այս օրը, 4 տարի առաջ սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որը բազմաթիվ զոհերի եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ռուսական հայտարարելու պատճառ դարձավ»:

Անդրադառնալով սիրիահայ երեխաների կրթությունը Հայաստանում կազմակերպելու խնդրին` նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը «Առավոտ» թերթում գրում է. - «Որքան տեղյակ եմ, մեր դպրոցներն իրենց բովանդակությամբ այսօր պատրաստ չեն ընդունելու այդ երեխաներին, որովհետեւ նախ՝ նրանք խոսում են արեւմտահայերեն եւ նրանց հետ պետք է աշխատել տարբեր բառապաշարով, երկրորդ՝ տարբեր է մեր ու նրանց կրթական միջավայրը, որը մեկ օրում որեւէ մեկի հրամանով չի կարող փոխվել, իսկ մենք չենք կարող հայտարարել՝ «Մերը սա է, ոնց ուզում եք հարմարվեք»: Այստեղ է, որ հերթական անգամ պետք է արձանագրենք, թե որքան ներառական չէ մեր հասարակությունը՝ ճիշտ այնպես, ինչպես առաջին հայրենադարձության տարիներին՝ 1946-1950 թվականներին, երբ հայրենիքում մեր հայրենակիցներին կպցրեցին «ախպար» ածականը, ու նրանք էլ առաջին հնարավորության դեպքում փախան Հայաստանից այն երկիր, որտեղ իրենց համար կազմակերպվեցին լեզու սովորելու անվճար դասընթացներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG