Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացավ Պուտին - Սարգսյան հանդիպումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոսկվայում: 8-ը օգոստոսի, 2012թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոսկվայում: 8-ը օգոստոսի, 2012թ.
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին:

Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին` Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, նշեց, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2011 թվականի արդյունքներով հասել է գրեթե 1 միլիարդ դոլարի, եւ ընդգծեց, թե համամիտ է Սերժ Սարգսյանի կարծիքին, որ այս ուղղությամբ դեռ անելիք կան:

Պուտինը նաեւ շեշտեց, որ Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները ամեն տարի իրենց ընտանիքներին են ուղարկում շուրջ 1 միլիարդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը։

Նա հայտարարեց, որ վերսկսում է աշխատանքը Ռուս - հայկական միջկառավարական հանձնաժողովը: «Մեր առջեւ կանգնած է շատ ճիշտ խնդիր` տնտեսության ոլորտում մեր հարաբերությունների զարգացման պլանը մինչեւ 2020 թվականը, ստեղծել ճանապարհային քարտեզ», - ընդգծեց Պուտինը` հավելելով, որ ռուսաստանյան կողմից հանձնաժողովը կգլխավորի Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

Սերժ Սարգսյանը, իր հերթին, նշեց, որ 1 միլիարդ դոլարը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության համար սահման չէ, եւ առաջիկա երկու-երեք տարիներին այն հնարավոր կլինի «կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել»:

Հայաստանի նախագահը ընդգծեց երկու երկրների հաջող ռազմատեխնիկական համագործակցությունը։

«Մենք երկարաձգել ենք Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետները։ Մենք համարում ենք, որ ռուսական ռազմակայանի գտնվելը Հայաստանում բխում է մեր անվտանգության շահերից», - ասաց Հայաստանի նախագահը` նշելով, որ այս տարվա աշնանը երկրում կանցկացվեն զորավարժություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։

Երկու երկրների նախագահներն այսօրվա ասուլիսում Եվրասիական միությանն առնչվող որեւէ հայտարարություն չարեցին: Փոխարենը Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մաքսային միության երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, մտադիր են զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Երկու նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եւ ինչպես նշեց Պուտինը, Ռուսաստանը շարունակելու է իր ակտիվ միջնորդական առաքելությունը` որպես Մինսկի խմբում համանախագահող երկիր:

Սերժ Սարգսյանը, իր հերթին, ընդգծեց, որ Հարավային Կովկասի անվտանգության հարցերում Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի:

Հանդիպման օրակարգում է եղել նաեւ Հայաստան մատակարարվող գազի սակագինը: «Կարծում եմ, որ փոխըմբռնման ենք հասել դրա կազմավորման սկզբունքների շուրջ. այն պետք է ելնի գազի իրական շուկայական գնից` բազմապատկած կամ բաժանված (ինչպես ուզում եք) տարածաշրջանային գների հետ համադրելի սակագնով Հայաստանը բնական գազով ապահովելու եւ տնտեսության արդյունավետությունը պահպանելու անհրաժեշտությամբ», - ասաց Սերժ Սարգսյանը` նաեւ հավելելով. - «Վլադիմիր Վլադիմիրովիչը հաստատեց, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի ուժեղ, մրցունակ եւ զարգացած երկիր»:

please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG