Մատչելիության հղումներ

Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը


Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերում Հայաստանը երեկ երեկոյան նվաճեց երրորդ մեդալը. հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կիլոգրամ քաշայինների մրցումներում բրոնզե մեդալի արժանացավ Արթուր Ալեքսանյանը։

Հայաստանցի օլիմպիականներից անցած կիրակի օրը արծաթե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, բրոնզե մեդալ՝ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը։

Մեդալների հաշվարկով Հայաստանը այժմ 44-րդն է Օլիմպիադային մասնակցող 204 երկրների թվում։ Մեդալների աղյուսակում հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը կիսում են նույն հորիզոնականը, սակայն Հայաստանի հավաքականը կազմաված է 25, իսկ Ադրբեջանինը՝ 50 մարզիկներից։ Վրաստանի օլիմպիական թիմը 34-րդ տեղում է։ Վրացի մարզիկները բոլոր գույների մեկական մեդալ են վաստակել։ Ուշագրավ է, որ երեք երկրների համար էլ օլիմպիական հավաքականների ծանր հրետանին է համարվում ըմբշամարտը։

Հունահռոմեական ոճում հայ մարզիկները ավարտել են իրենց ելույթները։ Օգոստոսի 10-ից մրցասպարեզ դուրս կգան ազատ ոճի 3 հայ ըմբիշները։

Օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնի պետ Յուրի Ալեքսանյանի խոսքով, թեեւ հայ ըմբիշներին դժվար պայքար է սպասվում, բայց մեդալներն իրատեսական են։

«Շատ բարդ մարզաձեւ է, աշխարհում մեծ մասսայականություն է վայելում եւ շատ ավելի դժվար է։ Մինչեւ այսօր մենք ունեցել ենք Օլիմպիական խաղերի 3 չեմպիոն եւ 1 արծաթե մեդալակիր հունահռոմեական ըմբշամարտից, բայց ազատ ըմբշամարտից ունեցել ենք Օլիմպիական խաղերի երկու արծաթե մեդալակիր՝ երկու փոխչեմպիոն», - նշեց Ալեքսանյանը։

Առաջին անգամ Օլիմպիադային մասնակցում է հայ թեքվանդոիստ։ Արման Երեմյանը մրցագորգ դուրս կգա օգոստոսի 10-ին։ Օլիմպիական կոմիտեն նրա հետ եւս հույսեր է կապում։

«Արման Երեմյանը մեր դրոշակակիրն էր Օլիմպիական խաղերում եւ շատ լավ մարզավիճակով, բարձր տրամադրությամբ մեկնել է։ Հույս ունեմ, որ Եվրոպայի նախկին չեմպիոնը տղամարդու պես կմենամարտի։ Ամեն բանից անկախ՝ Հայաստանի այս տարվա պատվիրակությունը գերազանցել է 2008 թվականի ռեկորդը, որովհետեւ 2008-ին Պեկինից բերեցինք 6 բրոնզ, այսօր արդեն ունենք 1 արծաթ եւ 2 բրոնզ, իսկ արծաթի հարգը շատ ավելի բարձր է», - նշեց Օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնի պետը։

Հայաստանը երկու ներկայացուցիչ էլ ունի նիզակի նետում մարզաձեւում։ Նրանք ելույթ են ունենում այսօր եւ վաղը։

Այսպիսով հայաստանցի մարզիկներից 19-ը ավարտել են մրցելույթները։

Վերադառնալով մեդալների վիճակագրությանը՝ աղյուսակի առաջին երեք տեղերը շարունակում են զբաղեցնել, համապատասխանաբար, Չինաստանը, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան։

Ռուսաստանի հավաքականը 10 ոսկե մեդալով հինգերորդ տեղում է։ Հետխորհրդային երկրներից այս տարի Օլիմպիադայում անակնկալ մատուցեցին Ղազախստանի մարզիկները, որոնք արդեն 6 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ ունեն։

please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG