Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմավարական պաշարները «մեծ չէին»


Ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմավարական պաշարները մեծ չէին

Չորս տարի առաջ այս օրը բռնկված ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմավարական պահուստները՝ պարենային, վառելիքի պահուստները, մեծ չէին, եւ դրանք էլ նախատեսված էին ընդամենը ամենօրյա պահանջները ապահովելու համար։ Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը։

«Հայաստանում կային համապատասխան քանակով ե՛ւ վառելիք, ե՛ւ հացահատիկ, ե՛ւ այլն, սակայն դա նախատեսված էր ամենօրյա պահանջները ապահովելու համար եւ տնտեսվարող սուբյեկտները, որոնք ներկրում են դրանք, ելնում են ներքին շուկայի պահանջարկից եւ երբեք չէին մտածում, որ պետք է լրացուցիչ պաշարներ ստեղծել, որովհետեւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ շահագրգիռ չէ ավելորդ գումարներ ծախսել, բերել պահուստներ ստեղծել», - պարզաբանում է Թանանյանը։

Ինչ վերաբերում է պետական պահուստներին, ապա, ըստ նրա․ - «Պետական պահուստներ միշտ եղել են համապատասխան եւ մոբիլիզացիոն, սակայն այդ պահուստներում ճշգրտորեն չէին նշում, թե ինչպիսի ժամանակահատվածի համար եւ ինչպիսի դեպքերի։ Ես նկատի ունեմ՝ մեր նորանկախ պայմաններում մենք մեծ պահուստներ չէինք ստեղծել»։

Հիշեցնենք, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ լրատվամիջոցներում բազմիցս էր հնչում այն գնահատականը, որ պատերազմի հետեւանքով փակված վրացական ճանապարհները կարող են, ի վերջո, խնդիրներ ստեղծել Հայաստանի պարենային, էներգետիկ անվտանգության համար, քանի որ մեր երկիրը մեծ դժվարությամբ էր կարողանում Վրաստանի տարածքով ներմուծել ռազմավարական նշանակության ապրանքներ՝ ցորեն, վառելիք եւ այլն։

Արամ Թանանյանի ներկայացմամբ, ռուս-վրացական պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները կատարեցին անհրաժեշտ հետեւություններ։ Արդեն իսկ 2011 թվականին ընդունվել է «Պարենային անվտանգության մասին» հայեցակարգը, որի իրականացումը պետք է ավարտվի 2014-ին եւ որի նպատակն է ռազմավարական նշանակություն ունեցող պարենի գծով Հայաստանում ստեղծել այնպիսի պաշարներ, որ պատերազմի կամ բնական աղետների դեպքում տեւական մի ժամանակահատված Հայաստանը չունենա պարենային խնդիրներ։ Առաջիկայում ընդունվելու են նաեւ «Տրանսպորտի անվտանգության ապահովման մասին» եւ «Էներգետիկ անվտանգության ապահովման մասին» հայեցակարգերը։

«Մենք ունենք վիճակի սրման երկու տարբերակ, մեկը՝ արտակարգ իրավիճակների հետեւանքով, եթե ինչ-որ լայնամասշտաբ աղետներ պատուհասեն, երկրորդը՝ ռազմաքաղաքական իրավիճակի սրման հետեւանքով։ Երկու պարագայում էլ երկիրը հայտնվում է նույն իրավիճակում, երբ անհրաժեշտ է սեփական ռեսուրսների հաշվին գոյատեւել։ Նման պլաններ մշակվում են, կան մշակված, հաստատված, որոնցում արտահայտված են հնարավոր սցենարները եւ կան համապատասխան մոտեցումներ՝ ինչպես են դրանք ապահովվելու։ Հայաստանը գիտի, թե ինչպես իրականացնի այդ միջոցառումները։ Այսինքն՝ մեզ այդպիսի լուրջ անսպասելի խնդիրներ չեն առաջանա», - ընդհանրացրեց Թանանյանը։

please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG