Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն Հայաստան կտեղափոխի սիրիահայ երեխաներին


«Արմավիա»-ն Հայաստան կտեղափոխի սիրիահայ երեխաներին
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00
Վաղվանից ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ համատեղ նախատեսում է իրականացնել հատուկ չվերթներ` սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու նպատակով:

Ընկերության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` այս չվերթները կիրականացվեն Սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակներում, որին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում «Պրոմեթեյ» բանկը:

Հաղորդագրությունում նշված է, որ «Արմավիա»-ն, ըստ նախատեսվածի, վաղվանից կիրականացնի հատուկ չվերթներ Երեւան - Դամասկոս - Երեւան եւ Երեւան - Հալեպ - Երեւան ուղղություններով:

Երեւան - Դամասկոս - Երեւան չվերթ է նախատեսված նաեւ օգոստոսի 23-ին։ Երկշաբաթյա ամառային հանգստի նպատակներով նախատեսվում է մինչեւ 400 սիրիահայ երեխա բերել Հայաստան:

«Ազատություն» ռադիոկայանին Սփյուռքի նախարարությունից փոխանցել են, որ այս չվերթներով ոչ թե տարհանում են սիրիահայ երեխաներին, այլ պարզապես կազմակերպում են նրանց ամառային հանգիստը:

Բայց, ինչպես նախորդ շաբաթ լրագրողներին ասել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, եթե իրավիճակը Սիրիայում առավել լարվի, կքննարկվի նրանց այստեղ պահելու հարցը:

Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարությունը հաստատում է միայն մեկ հալեպահայի մահը: Նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հալեպում կրակոցներից մահացածը 55-ամյա սիրիահայ Վիգեն Քալայջյանն է: Երեկ զոհված Ժան Թափաշի մահվան լուրը նախարարությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատում:

Մինչդեռ այսօր «Արմավիա»-ի լրացուցիչ չվերթով Երեւան եկած հալեպահայերն «Ազատություն» ռադիոկայանին պատմում էին, որ բացի Վիգեն Քալայջյանից, ապստամբների կրակոցներից զոհվել է նաեւ 42-ամյա Ժան Թափաշը, իսկ այսօր արդեն զոհվել են եւս երկու հոգի: Ժան Թափաշը քրիստոնյա էր, նրա մայրը հայ է, հայրը` արաբ: Հալեպահայերը նշում են, որ այսօր զոհվածները ազգությամբ հայ չէին, նրանք քրիստոնյա էին:

Օդանավակայանում եղբոր կնոջը սպասող Ժան Քեյվանյանն «Ազատություն» ռադիոկայանին ասում էր, որ ապստամբների կրակոցներից զոհված Ժան Թափաշն իր ընկերն էր, երկու երեխաների հայր էր: Նա ընդգրկված էր հայկական թաղամասերն ու եկեղեցիները պաշտպանող հայկական ջոկատներում:

Հայաստանի արտգործնարարությունը չի մանրամասնում, թե որ վայրում է զոհվել հայազգի Վիգեն Քալայջյանը: Մինչդեռ հալեպահայերն ասում են, որ նա, ինչպես նաեւ Ժան Թափաշը զոհվել են քրիստոնյաների գերեզմանատան շրջակայքում:

Ինչպես Ժանը, այնպես էլ հալեպահայերից ոմանք ասում են, որ հայկական ջոկատները ստեղծվեցին կառավարության կողմից, երբ Հալեպում մարտերը թեժացան: Հալեպահայերն ասում են, որ հայկական ջոկատները զինված են` կառավարությունն է զինում դրանք: Ընդհանրապես, հալեպահայերի խոսքով, Հալեպում գրեթե բոլորն են զինված:

Հալեպահայերն առանձնացնում են եւս մեկ խնդիր` այլ բնակավայրերից Հալեպ տեղափոխված փախստականները բնակվելու տեղ չունենալով` ներխուժում են դատարկ տները, շատացել են գողությունները քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG