Մատչելիության հղումներ

Օգոստոսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Արարատի մարզի Նորակերտի գյուղապետ Կնյազ Սահակյանի հարազատները մեղադրում են բժշկին:

Հարազատները համոզված են, որ հիվանդը մահացել է բժշկի անտարբերություն ու անփութության հետեւանքով:

Մահացածի եղբայրը` Նորայր Սահակյանը, «Ազատություն» ռադիոակայանի հետ զրույցում ասաց, թե բժիշկը, տեղյակ լինելով, որ հիվանդի սիրտը վիրահատված է, ոչ միայն հատուկ ուշադրություն չի դարձրել, այլ ընդհանրապես չի այցելել նրան վիրահատությունից հետո. - «Օպերացիայից 7-8 ժամ հետո ոչ մի անգամ բժիշկը չի գնում տեսնի` այս հիվանդը մահանում է, թե մնում է: Ինքը սրտի մեծ պրոբլեմներ ունեցող մարդ էր… ոչ մի անգամ չի հաճախել այդ բժիշկը, որ եղբորս տիրություն անի»:

Հարազատները փոխանցեցին, որ եկել էին թեթեւ վիրահատության` Կնյազ Սահակյանը ընդամենը ոլորել էր ոտքը:

«Ես խնդրում եմ, որ նման մարդկանց պատժեն, որպեսզի ուրիշին վնաս չտան, ուրիշների կյանքի հետ չխաղան», - ասաց Կնյազ Սահակյանի մյուս եղբայրը` շարունակելով. - «Իմ կարծիքով, նույն բանն է` կամ մարդու դանակահարել, կամ անփութության պատճառով մարդ սպանել… Ոչ մի տարբերություն չեմ տեսնում»:

«Էրեբունի» հիվանդանոցից մեկնաբանություն ստանալու «Ազատություն» ռադիոկայանի փորձերը արդյունք չտվեցին:

Հատկապես վերջին երկու տարիներին, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Առողջապահության աշխատողների արհմիությունում, զգալիորեն ավելացել են բժիշկներին ուղղված դժգոհությունները: Ավելացել են նաեւ բռնությունն ու վիրավորանքը բժիշկների նկատմամբ:

Հայկական բժշկական ասոցիացիայի Կլինիկական կոմիտեի նախագահ Գեղամ Խանդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նման դժգոհությունները որոշ դեպքերում կարող են արդարացի լինել: Նրա խոսքով, սակայն, մարդիկ հաճախ «արդեն նախատրամադրված են գալիս բժիշկների մոտ»: Պատճառը, ըստ Խանդանյանի, համակարգային է` գումարային հարաբերություններն ի սկզբանե նվազեցնում են հարգանքն ու վստահությունը բժշկի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG