Մատչելիության հղումներ

Վերջին տարիներին Հայաստանում կամավորական աշխատանք կատարող երիտասարդների ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել:

Կամավորները չվարձատրվող աշխատանքից չեն դժգոհում, նշում են, որ իրենց վարձատրությունը մարդկանց օգնելն է: Թատերասեր զրուցակիցս ասաց, որ մի քանի տարի հաճույքով որպես կամավոր աշխատել է Երեւանում անցկացվող թատերական փառատոնների ժամանակ:

«Ես աշխատում էի առանց որեւէ գումարի ակնկալիքի: Այդ փառատոնների ժամանակ ինձ հնարավորություն էր ընձեռվում շփվել աշխարհահռչակ դերասանների, կինոգործիչների հետ, եւ ինձ գրավում էր այն, որ ես իրենց պիտի օգնեի», - ասաց նա:

Բոլոր զրուցակիցներս նշում են, որ կամավորական աշխատանքն ավելին է տալիս, քան գումարը. նոր ծանոթություններ եւ քեզ սրտամոտ միջավայրում աշխատանք:

«Ձեռքբերումներն այնքան շատ են, որ չես մտածում` ստաժ, գումար, ժամանակ, որովհետեւ տրվում է այն, որ աշխատանքը չի տա քեզ: Միայն այն, որ տեսնում ես իրենց անկեղծ սերը, շատ միջոցառումներից հետո ծնողների արցունքները, դրանից ավելի բան կյանքում քիչ կա», - ասաց հոգեբան Ռիման, ով աշխատում է հաշմանդամների հետ:

Տաթեւիկը ավարտել է սպորտային բժշկության ֆակուլտետը, կամավորական աշխատանքի նրան մղել է մասնագիտության մեջ հմտանալու ձգտումը: Նա նույնպես աշխատում է հաշմանդամների հետ:

«Առաջին օրը հանդիպեցի անդամահատված հաշմանդամների հետ, մի փոքր լարվածություն կար, քանի որ մինչ այդ չէի շփվել հաշմանդամների հետ, բայց աստիճանաբար սովորեցի», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG