Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական զորքերը Հալեպում շրջան են հետ գրավել


Սիրիացի ապստամբը դիրքավորվում է Հալեպի փողոցներից մեկում, 3-ը օգոստոսի, 2012թ.
Սիրիացի ապստամբը դիրքավորվում է Հալեպի փողոցներից մեկում, 3-ը օգոստոսի, 2012թ.
Սիրիայի կառավարական զորքերը Հալեպում առնվազն մեկ շրջան հետ են գրավել։ Երբ Reuters լրատվական գործակալության թղթակիցը մոտեցել է Սալահեդին թաղամասին, որը ապստամբների հենակետներից մեկն էր, նրանք ասել են, որ նահանջում են իրենց դիրքերից: Վերջին շաբաթվա ընթացքում ապստամբների կողմից այստեղ տեղադրված անցակետը վերացվել է:

Սիրիայի կառավարության անվտանգության ծառայության աղբյուրները Լիբանանի «Ալ-Մանար» հեռուստաընկերությանը ասել են, թե գրավել են Սալահեդին թաղամասը։

Միջազգային գործակալությունները հաղորդում են, որ ծանր հրետակոծության տակ կառավարական զորքերի տանկերը մտել են Սալահեդինի մի մասը, տների տանիքներին դիպուկարներ են տեղակայվել:

Ընդդիմադիր ակտիվիստներն ասում են, թե կառավարական զորքերի հրետակոծության հետեւանքով չորեքշաբթի օրը Հալեպում առնվազն 12 մարդ է զոհվել, որոնցից մեկը կին է` երկու երեխաների հետ:

Amnesty International-ը Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մտահոգություն է հայտնել` հայտարարելով, թե արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս, որ քաղաքի բնակելի թաղամասերը հրետակոծվում են ծանր զինատեսակներից:

Սիրիայի ապստամբները այսօր հայտարարել են, թե Սիրիայի պաշտպանության նախարարության խորհրդական ռուս գեներալի են սպանել` իր անձնական թարգմանչի հետ:

Ապստամբներն ասում են, թե հատուկ գործողությունը իրականացրել են Դամասկոսի մոտ, սակայն գործողության կոնկրետ ժամկետն ու վայրը չեն նշվում:

Reuters-ին ուղարկված տեսանյութում ապստամբների հատուկ ջոկատի հրամանատարը հայտարարում է, որ սպանվածը գեներալ Վլադիմիր Կոջիեւն է: Ապստամբները ցույց են տալիս նրա ինքնությունը հաստատող վկայականի պատճենը` տրված Սիրիայի զինված ուժերի կողմից: Ցուցադրվում են նաեւ այլ փաստաթղթեր, այդ թվում Սիրիայի զինված ուժերի շտաբի պետի նամակը` ուղղված ռուս ռազմական խորհրդատուների ղեկավարին՝ Կոջիեւի ծառայության ժամկետը երկարացնելու խնդրանքով, ինչպես նաեւ Կոջիեւի լուսանկարը ռուս այլ զինվորականների եւ Սիրիայի գլխավոր շտաբի պետի հետ։

Զինված ուժերի աղբյուրը «Ինտերֆաքս»-ին ասել է, թե այս լուրը հորինված սադրանք է: Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ասել է, թե լուրը իրականությանը չի համապատասխանում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նմանվող Կուժեւ ազգանունով գեներալը թոշակի է անցել եւ ապրում է Մոսկվայում: Ավելի ուշ նա նույնիսկ հանդիպել է լրագրողներին:

Reuters-ը հաղորդում է, որ հակակառավարական զինյալները 16 քաղաքացիների են սպանել, որոնց մեծ մասը ալավիթներ են ու քրիստոնյաներ: Հարձակումը կատարվել է երեքշաբթի օրը` Հոմս քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակարանային համալիրում, որտեղ էներգետիկ ընկերության աշխատակիցներ են ապրում:

«Զինված անձինք հարձակվել են Ջանդար բնակելի համալիրի վրա ու անկանոն կրակ բացելով սպանել են 16 սիրիացու, որոնցից 6-ը քրիստոնյաներ են, 6-ը` ալավիթներ, ներառյալ` համալիրի տնօրենը, եւ 4-ը` սունիներ», - հայտնել է Մարդու իրավունքների հետազոտությունների սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը:

Նա նշել է, որ համալիրում բնակվում են սիրիացիներ ու արտասահմանցիներ, հիմնականում՝ Իրանից ու Ճապոնիայից, որոնք ապրում են իրենց ընտանիքների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG