Մատչելիության հղումներ

Լրացավ ռուս - վրացական պատերազմի չորս տարին


Ռուսական զորքերը շարժվում են դեպի Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ, 10-ը օգոստոսի, 2008թ.
Ռուսական զորքերը շարժվում են դեպի Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ, 10-ը օգոստոսի, 2008թ.

Ո՞վ էր պատերազմի իրական մեղավորը` այս խնդրի շուրջ վեճերը մինչ օրս չեն դադարում:

Ուղիղ չորս տարի առաջ այս օրը բռնկվեց ռուս - վրացական պատերազմը: Հարավային Օսիայում ահագնացող ընդհարումների ֆոնին 2008-ի օգոստոսի 8-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պահեստազորի զինծառայողների մոբիլիզացիա հայտարարեց:

Վրացական զորքերի` Ցխինվալի ուղղությամբ բավական հաջող մեկնարկած հարձակումն օրվա երկրորդ կեսին, սակայն, կանգ առավ: Երեկոյան կողմ արդեն վրացական բանակի, ռուս խաղաղապահների եւ հարավօսական աշխարհազորի միջեւ ընթացող կատաղի մարտերին միջամտեց Հյուսիսային Կովկասում տեղակայված ռուսական 58-րդ բանակը: Ռուսաստանյան ստորաբաժանումները անցան լայնածավալ հարձակման, մի քանի օրում վերահսկողություն սահմանելով Վրաստանի արեւմտյան շրջանների վրա` գրավելով Գորի քաղաքը, հողին հավասարեցնելով Սենակիի վրացական ռազմակայանն ու ընդհուպ մոտենալով մայրաքաղաք Թբիլիսիին։

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հրադադարի հաստատումը հնարավոր դարձավ միայն Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդական ջանքերի շնորհիվ: Բայց նույնիսկ հրադադարի ռեժիմի հաստատումն ու ստանձնած պարտավորությունները չխանգարեցին պաշտոնական Մոսկվային պատերազմի ավարտից ընդամենը 13 օր անց` օգոստոսի 26-ին, պաշտոնապես ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:

Ո՞վ էր պատերազմի իրական մեղավորը` այս խնդրի շուրջ վեճերը մինչ օրս չեն դադարում: Որոշ վերլուծաբանների կարծիքով` Վրաստանը տեղի տվեց ռուսական սադրանքին` ներքաշվելով լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Վրաստանում, սակայն, համոզված են, որ տեղի ունեցածը ռուսական բացահայտ ագրեսիա էր: Երկու օր առաջ, օրինակ, Վրաստանի նախագահը հայտարարեց. - «Այն մարդիկ, ովքեր պնդում են, թե պատերազմը մենք ենք սկսել, իրականում չեն սիրում Վրաստանը»:

Այսօր Վրաստանում սգո օր է: Բոլոր պետական հիմնարկությունների շենքերի վրա ծածանվող վրացական դրոշները իջեցվել են: Իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջարկով քաղաքական կուսակցությունները երկու օրով դադարեցրին նախընտրական արշավը. նման նախաձեռնությամբ հանդես եկավ խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաճավարիանին: «Միացյալ ազգային շարժում»-ը առաջարկում է քաղաքական բոլոր ուժերին ձեռնպահ մնալ քարոզչական ցանկացած ակտիվությունից: Կոչ ենք անում նաեւ մեր ընդդիմախոսներին` դադար տալ քարոզարշավում եւ միասին հարգել այն զինծառայողների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության», - հայտարարեց փոխխոսնակը։

Օգոստոսյան հնգօրյա պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանը 412 զոհ տվեց, որոնցից 170-ը ուժային կառույցների աշխատակիցներ էին ու զինծառայողներ, 230-ը` խաղաղ բնակիչներ: Ռուսական բանակը հնգօրյա կոնֆլիկտի ընթացքում 67 զոհ տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG