Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին խոստանում է «վտարել օկուպանտներին»


Վրաստանի նախագահ նախագահ Միխեիլ Սահակաշվիլի
Վրաստանի նախագահ նախագահ Միխեիլ Սահակաշվիլի
Ռուս-վրացական պատերազմի 4-րդ տարելիցի նախօրեին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի արեւելյան Ձեւեր, Կիցնիսի եւ Կարալեթի գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը խոստացել է վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ, իր բառերով՝ վտարել օկուպանտներին։

«Ես շատ եմ քայլել այս կիրճերով, եւ ինձ համար հսկայական ցավ, չապաքինվող վերք է, որ նրանք ոտքի տակ տվեցին։ Մենք անպայման ամեն ինչ կվերադարձնենք։ Ես խիստ համոզված եմ այդ հարցում»,- «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Սահակաշվիլին։ - «Պատմականորեն, Քարթլիի սրտում չի դիմացել ոչ մի զավթիչ, չեն դիմանա նաեւ նրանք։ Մենք անպայման ազատագրելու ենք մեր երկիրը, մեր Քարթլին, մեր հովիտները, գյուղերը եւ վերադարձնելու ենք մեր տները»։

Սահակաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինի հետ Կասպի քաղաքում մասնակցել է 2008 թվականին անհետ կորած ավագ սպա Գելա Տիգիշվիլիի հուղարկավորությանը։ Նրա աճյունը գտել են օրերս։

Ռուս-վրացական պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ, Ցխինվալիից ոչ հեռու Սահակաշվիլին խոսել է Վրաստանի առջեւ ծառացած, իր բնորոշմամբ, ամենահիմնական խնդիրներից։ Վրաստանն, ըստ Սահակաշվիլիի, մտադիր չէ փոխել քաղաքական ուղեգիծը՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված։

Ռուս-վրացական պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ, ի հիշատակ զոհերի, խոնարհվել են դրոշները։ Հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը երկու օրով ընդհատում են քարոզարշավը։ Բացառություն է կազմել միայն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, որի ղեկավարները հայտարարել են, թե 2008-ի պատերազմը վրաց ղեկավարի սադրանքի հետեւանքն է։

Վրաստանն անցյալ տարի փոփոխություն էր մտցրել ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում։ Ըստ փոփոխված փաստաթղթի, Վրաստանի համար գլխավոր վտանգը Կրեմլի քաղաքականությունն է՝ «վրացական տարածքների օկուպացիան» եւ Ռուսաստանի «կազմակերպած ահաբեկչությունը՝ Վրաստանի տարածքում»։

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, թե պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե Ռուսաստանը վերադարձնի Աբխազիան եւ Հարավային Օսիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG