Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը Օլիմպիադայում մեր լողորդների արդյունքները «անբավարար» ու միեւնույն ժամանակ՝ «բարձր» է գնահատում։

«Իհարկե, եթե վերցնեմ օլիմպիական չափանիշներով՝ խիստ անբավարար է։ Բայց, եթե վերցնում ես նրանց ցույց տված արդյունքները՝ բավարար», - ասում է Ալեքսանյանը, - «Ծիծաղելի է՝ նախավերջին տեղը․․․ ոմանք արդեն հեգնում են, թե՝ լավ է որ չի խեղդվել, ջրից դուրս է եկել․․․ բայց եթե բացում ենք ռեկորդների ցանկը, Անահիտ Բարսեղյանը 50 մետր լողավազանում, որտեղ կյանքում ոտք չի դրել, ցույց է տվել Հայաստանի նոր ռեկորդ՝ 1.08 արդյունքը Հայաստանի նոր ռեկորդ է»։

Հիշեցնենք՝ Հայաստանը լոնդոնյան Օլիմպիադայում ներկայացրեցին Անահիտ Բարսեղյանը, ով 44-րդ՝ նախավերջին տեղը գրավեց, եւ Միքայել Քոլոյանը, ով 60 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 45-րդ տեղը։

Հայաստանը այս եւ նախորդ օլիմպիադաներին լող մարզաձեւով մասնակցություն է ունեցել ոչ թե վարկանիշեր ձեռք բերելու հաշվին, այլ «սպիտակ քարտերի» միջոցով։ Այդ քարտերը տրվում են տվյալ մարզաձեւում հետ մնացող երկրներին՝ նպատակ ունենալով մասսայականացնելու ու զարգացնելու այն։

«Շատ ոչ մատչելի սպորտաձեւ է լողը։ Միայն Երեւանում կան լողավազաններ, որոնք նորից մատչելի չեն։ Մարզերում շատ քիչ լողավազաններ կան», - ասում է Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մրցանակակիր լողորդուհի Հռիփսիմե Ջիլավյանը, հավելելով, որ եղած լողավազաններ հաճախելն էլ բավական թանկ արժե։

Եթե Խորհրդային Միության տարիներին Հայաստանում 9 լողի դպրոցներ կային, ապա այսօր չկա պետական որեւէ լողի մարզադպրոց, եւ սա այն դեպքում, երբ 2007 թվականին կառավարության որոշմամբ լողը եւ հրաձգությունը համարվել են ռազմավարական նշանակություն ունեցող սպորտաձեւեր, ասում է Յուրի Ալեքսանյանը։

Վաչագան Աֆթանդիլյանը, ով որպես մարզիչ է աշխատում արդեն 40 տարի, ասում է, որ 90-ականներին լողը կտրուկ անկում ապրեց, սակայն հիմա տարեցտարի ծնողները ավելի շատ են բերում երեխաներին լողավազան։

«Ծնողներն էլ են հասկանում, որ լողը ոչ միայն սպորտային նշանակություն ունի, այլ նաեւ մեծ կիրառական նշանակություն», - ասում է փորձառու մարզիչը։

XS
SM
MD
LG