Մատչելիության հղումներ

Հալեպում կրակոցներից սիրիահայ է զոհվել


Սիրիա -- Սիրիական բանակի խփված տան Ազազ մզկիթի մոտ, Հալեպ, 2-ը օգոստոսի, 2012թ․

Սիրիա -- Սիրիական բանակի խփված տան Ազազ մզկիթի մոտ, Հալեպ, 2-ը օգոստոսի, 2012թ․

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, հաստատեց 55-ամյա սիրիահայ Վիգեն Քալայջյանի մահը: Նա այսօր առավոտյան զոհվել է Հալեպում արձակված կրակոցներից:

Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով սա ազգությամբ հայերի շրջանում արձանագրված ութերորդ մահվան դեպքն է: Վերջին դեպքն արձանագրվել էր հուլիսի 20-ին` Դամասկոսում, որտեղ սպանվել էր 48-ամյա ոսկերիչ Անդրանիկ Արզվալջյանը:

Զոհվածներից երկուսը զինծառայողներ էին, մյուսները` խաղաղ բնակիչներ:

Բախումները մոտենում են հայկական թաղամասերին


Անցած գիշեր «Արմավիա»-ի հերթական չվերթով Երեւան հասավ 101 սիրիահայ: Նրանք զգուշավորությամբ պատմում են, որ հայաշատ Հալեպ քաղաքում կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ բախումները մոտենում են հայկական թաղամասերին:

Հալեպից Հայաստան ժամանած Հարություն Թերզյանն «Ազատություն» ռադիոկայանին պատմում էր, որ չնայած բախումներին, հայկական թաղամասերը դեռեւս ապահով են։

«Այսօր շատ լավ չէր։ Հայկական թաղամասերից հեռու են, սակայն մոտեցան գրեթե», - ասում է նա։

Սիրիահայերը հիմնականում Հայաստան են տեղափոխվում ժամանակավորապես` սպասելով Սիրիայում խաղաղության հաստատմանը: Նրանց հայրենիք է բերում ոչ միայն օրեցօր ավելացող վտանգը, այլեւ առաջին անհրաժեշտության սննդամթերքի սակավությունն ու թանկացումները: Նախկինում ամեն ինչ էժան էր, ասում են սիրիահայերը, այժմ «ամեն ինչ» թանկացել է։

Հալեպից 14 հոգով Հայաստան տեղափոխվեցին Քույումջյան ընտանիքի անդամները: Նրանք այստեղ 15 օր կմնան, ինչից հետո, պայմանավորված դեպքերի զարգացմամբ, կորոշեն Սիրիա վերադառնալու հարցը: Նրանք առաջին անգամն է Հայաստանում են, ու այցի նպատակներից մեկն էլ Հայաստանի քաղաքացիություն ստանալն է: Աստղիկ Քույումջյանն ասում է, որ Սիրիայում տիրող իրավիճակը եւս նպաստեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու որոշման կայացման վրա: Աստղիկ ու Զեփյուռ Քույումջյաններ պատմում են կրակոցների մասին, որոնք լսելի են նաեւ գիշերվա ժամերին:

Եվգինե Քույումջյանը Հալեպում քաղաքապետարանում է աշխատում: Պատմում է, որ արդեն 10 օր է՝ աշխատանքի չի գնում վտանգի ավելացման պատճառով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երեւան հասած սիրիահայերն ասում են, որ Հալեպի օդանավակայան տանող ճանապարհն անվտանգ չէ, նախկինի համեմատ մի քանի անգամ թանկացել է օդանավակայան տանող տաքսիների վարձը, որովհետեւ ճանապարհին «ամեն ինչ հնարավոր է կատարվի»:

Առանց ձայնագրվելու՝ հալեպահայերն ավելի անկեղծ են պատմում իրենց մտահոգությունների մասին: Ասում են, որ ճշմարտությունը պատմելուց հետո խնդիրներ կարող են ունենալ:

«Արմավիա»-ն շարունակելու է չվերթները


Երեկվանից դեպի Սիրիա թռիչքները դադարեցրեց ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը: «Արմավիա» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ շարունակելու է դրանք իրականացնել: Ըստ ընկերության, հուլիսի 9-ից մինչեւ օգոստոսի 6 -ը իրականացվել է 6 չվերթ: Այդ ընթացքում ազգային ավիափոխադրողը ընդհանուր առմամբ տեղափոխել է 724 ուղեւոր: «Արմավիա»-ի տվյալներով, մեկ ամսվա ընթացքում Հալեպից Երեւան է տեղափոխվել 539 ուղեւոր` 4 անգամ ավելի, քան Երեւանից Հալեպ մեկնածների թիվն է: Անցած մեկ ամսում Երեւանից Հալեպ է տեղափոխել է 131 ուղեւոր:

XS
SM
MD
LG