Մատչելիության հղումներ

logo-print

Երեխաների աջակցության կենտրոնում հայտնված երեխաների պատմությունները արտացոլում են համակարգի խնդիրները


Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնում ժամանակավոր ապաստան են գտնում ընտանիքներում բռնության ենթարկված, անապաստան մնացած, ծնողների կողմից լքված, մուրացկանությամբ զբաղվող, ծանր սոցիալական պայմաններում հայտված երեխաները, որոնց ծնողները կամ չեն ցանկանում կամ չեն կարողանում նրանց պահել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը նշեց, որ տարեցտարի երեխաների թիվը ավելանում է, նրանք գալիս են տարբեր եւ հաճախ շատ բարդ խնդիրներով. - «Մեկ կենտրոնում բնակվում են 3 տարեկան երեխան, ով գուրգուրաքի կարիք ունի, եւ դժվար իրավիճակում հայտված պատանին, եւ այստեղ աշխատանքը արդյունավետ չի կարող լինել, անհրաժեշտ են նեղ մասնագիտական ծառայություններ»:

Երեխաների աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը պատմեց, որ կենտրոն տեղափոխված երեխաներից շատերը այդպես էլ չեն կարողանում հաղթհարել կրած սթրեսի հետեւանքները: Այժմ կենտրոնում գտնվում է մի պատանի, որից օրեր առաջ մայրը պաշտոնապես հրաժարվել է. - «Երեխան, իմանալով, որ պետք է գնա մանկատուն, շատ դժվարությամբ է հարմարվում այդ մտքին, նա նույնիսկ ինքնասանության փորձ է կատարել»:

Կենտրոնում հայտված երկու քույրերի ընտանիքում եւս կոնֆլիկտներ են առաջացել. սոցիալական վատ պայմանները, ծնողների անհաշտությունը պատճառ են դարձել երեխաներին կենտրոն բերելու: Մեկ ամսից ավելի է արդեն, որ քույրերն այստեղ են: Մեր այցելության պահին փոքրիկ Միշելը գիրք էր կարդում, իսկ ավագ քույրը` Մարիամը, օգնում էր կենտրոնի աշխատակիցներին կարգի բերել խաղասենյակը: Քույրերը նախապես խնդրեցին հարցեր չտալ անձնական կյանքից, քանի որ դժվարանում են հիշել եւ խոսել:

«Շատ հաճախ երեխաներն այնպիսի հարվածներ են ստանում կյանքից, որոնց շատ դժվար է դիմակայել եւ լքված, միայնակ լինելու միտքը երեխաներին հանգիստ չի տալիս», - ասում է Անտոնյանը եւ շարունակում, որ Հայաստանում փակվում են մանկատներ` ասելով, թե այլեւս չունենք դրանց կարիքը եւ փոխարենը չեն ստեղծվում դժվար իրավիճակներում հայտված պատանիներին օգնելու վերականգնողական, կամ հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու մասնագիտացված կենտրոններ:

Անտոնյանը նշում է, որ չունենք նաեւ ցերեկային կամ գիշերային խնամքի կենտրոններ, որտեղ երեխաները, պատանիները կարողանան մնալ, երբ ծնողները աշխատում են, սնվել, ինչը շատ կաեւոր է սոցիալապես անապահով ընտանիքների համար:

«Ծնողների կամ ոստիկանության միջնորդությամբ աջակցության կենտրոն տեղափոխված երեխաները շատ հաճախ երկար ժամանակ նորմալ սնունդ չստանալաու պատճառով տարբեր առողջական խնդիրներ են ունենում», - ասում է տնօրենը:

Այժմ կենտրոնում գտնվում է 32 երեխա, որոնցից 20-ը հավանաբար կտեղափոխվեն մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, իսկ մյուսներին ծնողները ընտանիքի ֆինանսական վիճակը, կացարանի խնդիրը լուծելուց հետո կրկին տուն կտանեն:

Միրա Անտոնյանը համոզված է, որ եթե պետությունը այն հսկայական գումարները, որ տալիս է մանկատներին, տրամադրի սոցիալապես անապահով ընմտանիքներին կամ խնամատար ընտանիքներին, ապա նրանք իրենց երեխաներից չեն հրաժարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG