Մատչելիության հղումներ

logo-print

NASA-ի սարքը՝ Մարսի վրա


Curiosity սարքի` Մարսի վրա վայրէջք կատարելուց հետո Երկիր ուղարկած պատկերներից, 6-ը օգոստոսի, 2012թ.

Curiosity սարքի` Մարսի վրա վայրէջք կատարելուց հետո Երկիր ուղարկած պատկերներից, 6-ը օգոստոսի, 2012թ.

Curiosity սարքը ութամսյա թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա, եւ առաջին ազդակներն արդեն ստացել է Երկիր մոլորակը։ Այս հայտարարության հեղինակը Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության` NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենն է։

NASA-ում սա համարում են ամենաբարդ տիեզերական թռիչքը։ Թռիչքների հարցերը կարգավորող ստորաբաժանումը Curiosity-ի բարեհաջող վայրէջքն ընդունել է ծափահարություններով եւ նույնիսկ արցունքներով։ Եթե այս փորձը ձախողվեր, NASA-ն կանգնելու էր լուրջ խնդիրների առջեւ։ Արդեն իսկ կրճատվել է գործակալության ֆինասնավորումը։

2.5 միլիարդ դոլար արժողությամբ սարքի միջոցով առաջիկա երկու տարիներին գիտնականները փորձելու են, ի վերջո, հստակ եւ վերջնական պատասխան տալ հարցին` արդյոք Մարսի վրա կյանքը հնարավո՞ր է, կա՞ն այնտեղ արդյոք կյանքի հետքեր։

Չարլզ Բոլդենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. - «Հիմա, հենց հիմա Curiosity սարքն ընթանում է՝ մարդկային հետքեր փնտրելու։ Curiosity-ն` ամենաիմաստուն սարքը, որ եղել է երբեւէ, հիմա կարմիր մոլորակի վրա է եւ պետք է տա տարիների հարցի պատասխանը՝ երբեւիցե եղե՞լ է կյանք Մարս մոլորակի վրա»։

Մարսի վրա կյանքի վերաբերյալ հարցերի տարափին ի պատասխան` Բոլդենն ասել է՝ մեքենայացված մոլորակում ոչ մի հետազոտություն դժվար չէ։ Հետո էլ ավելացրել է. - «Ես գիտեմ` ձեզանից շատերն ասում են` ինչպե՞ս կարող է նա այդպես հեշտ խոսել։ Հավատացե՛ք ինձ»։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում NASA-ի գիտափորձի վերաբերյալ ասաց. - «Հրաշալի գիտափորձ է` բոլոր տեսակետներից, որովհետեւ, վերջ ի վերջո, հասնել Մարս, Մարսի վրա իջեցնել մոտավորապես մեկ տոննա կշռով գիտական սարքավորումներ` դա պահանջում է ժամանակակից բոլոր գիտական-տեխնիկական հնարավորությունների օգտագործումը»։

«Ի՞նչ եք կարծում, եթե պատասխանը դրական լինի, ինչ հիմա, փաստորեն, ակնկալում են գիտնականները, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր կհետեւեն», - այս հարցին Բյուրականի աստղադիտարանի տնօրենը արձագանքեց. - «Վերջ ի վերջո, մարդկությունը, սկսելով Երկիր մոլորակից, փորձում է գտնել նաեւ բնակության համար պիտանի կամ բնակելի դարձնելու իմաստով պիտանի ուրիշ մոլորակներ նույնպես, եւ դրանց մեջ առաջիններից մեկը Մարսն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG