Մատչելիության հղումներ

Օգոստոսի 7-ի մամուլ


«Ժամանակ»-ը, անդրադառնալով սիրիահայերի խնդրին, գրում է. - «Կարեւոր է սիրիահայերի հայաստանյան ինտեգրման խնդիրը, որով Հայաստանի իշխանությունը կարծես թե չի զբաղվում, պատրաստ չէ զբաղվելու։ Բանն այն է, որ Սիրիայի մեր հայրենակիցները, գալով Հայաստան, չեն ստանում համակարգված որեւէ օգնություն։ Մինչդեռ, օդանավակայանում նրանց, թերեւս, պետք է դիմավորեին հոգեբանները եւ սոցիալական ծառայությունների ներկայացուցիչները` առաջարկելով իրենց օգնությունը։ Թող սիրիահայերը հրաժարվեին դրանցից, գուցե շատերի համար կարիք չկա նման բաների։ Բայց եթե անգամ կա մեկ մարդ, ով ունի, ասենք, հոգեբանական օժանդակության կարիք, նա պետք է հենց տեղում, անհապաղ, առանց այս եւ այն կողմ ընկնելու ստանա այդ ծառայությունը։ Ի վերջո, մարդիկ թողնում են իրենց տունն ու տեղը եւ գալիս Հայաստան, հայրենիք` բայց միանգամայն նոր միջավայր, մտածողության եւ մշակույթի միանգամայն այլ հարթություն, չգիտեն, թե ինչ կլինի իրենց թողած տան հետ, ունեցվածքի հետ։ Չէ՞ որ այդ ամենը հոգեբանական ծանր վիճակի մեջ է դնում մարդուն, եւ նա ունի օգնության կարիք, նա գուցե ինքն էլ չի պատկերացնի, որ կարող է այդպիսի օգնության կարիք ունենալ, եւ միայն այն ստանալուց հետո կզգա դրա բարերար ազդեցությունն իր վիճակի վրա»։

«Ժողովուրդ» թերթի մեկնաբանի համար պարզ է, թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնում Մոսկվա` հանդիպելու նախագահ Պուտինին. - «Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում Եվրասիական ծրագրին Հայաստանի միանալու վերաբերյալ հստակ «այո» կամ «ոչ» ասելու համար: Իսկ վերջերս արեւմտամետ դարձած Սերժ Սարգսյանի համար չափազանց դժվար է լինելու հստակ «այո» կամ «ոչ» ասելը. ցանկացած պատասխան ունենալու է բացասական հետեւանքներ: Սերժ Սարգսյանի համար չափազանց դժվար է լինելու նաեւ հարցից խուսանավելը. ի վերջո, նրան ստիպում են արագ ներկայանալ Կրեմլ ոչ թե խոսքը կտուրը գցելու, այլ հստակ պատասխան տալու համար: Առավել եւս, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի վերջին հույսը կարծես թե Հայաստանն է»:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է, որ առաջիկա քաղխորհրդի նիստում ՀԱԿ-ը կքննարկի, թե ինչպիսի մասնակցություն է ունենալու ՏԻՄ ընտրություններում: Թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է որոշում կայացվի որոշ տեղերում սատարել ԲՀԿ թեկնածուին, Մակեյանը պատասխանել է. - «Սատարելու գործընթացում քննարկում չի եղել, բայց ես, որպես ՀԱԿ անդամ, կուսակցության ղեկավար, ԲՀԿ թեկնածուներին սատարելուն դեմ եմ, որեւէ տարբերություն չկա՝ դրանք ԲՀԿ-ինն են, թե ՀՀԿ-ինը: Մեր տեսակետը մենք կարող ենք արտահայտել քաղխորհրդում, ու քանի որ որոշումներն ընդունում են կոնսենսուսով, ապա հաշվի կառնեն մեր տեսակետը»:

Նշելով, թե ժամանակակից Օլիմպիադաները չեն ծառայում իրենց նախնական նպատակին` ժողովուրդների եւ պետությունների միջեւ խաղաղության, բարեկամության հաստատմանը` «Առավոտ»-ը գրում է. - «ԱՄՆ-ը բոյկոտել էր Մոսկվայի 1980-ի Օլիմպիադան՝ խորհրդային զորքերի՝ Աֆղանստան ներխուժելու պատճառով, Սովետը բոյկոտել էր Լոս Անջելեսում կայացած հաջորդ Օլիմպիական խաղերը՝ ի պատասխան ամերիկյան բոյկոտի: Սպորտը վաղուց արդեն դարձել է քաղաքականության մաս: Օլիմպիական խաղերի ընթացքում ազգերը, պետությունները ինքնահաստատվում են սպորտում իրար հաղթելով՝ դրա միջոցով ինչ-որ բան են իրար ապացուցում: Սպորտային մեկնաբաններն էլ՝ փոխանակ բուն խաղը կամ մրցումը լուսաբանեն, խորանում են ազգային հակասությունների մեջ: Գուցե Օլիմպիական խաղերում իրար հետ են մրցում սիրողնե՞րը: Ամենեւին ոչ՝ նույնիսկ ձեւական սահմանափակումները վաղուց արդեն չեն գործում: Մրցումների ժամանակ մենք տեսնում ենք մարզիկների, որոնք իրենց ողջ կյանքը, բոլոր հոգեկան եւ ֆիզիկական ուժերը սպորտին են նվիրել, բացառապես դրանով են ապրում ու փող աշխատում, ընդ որում, մի մասը՝ շատ լավ փողեր: Իսկ պետություններն ու դրանց շահերը ներկայացնող հարուստները մեծ գումարներ են խոստանում հաղթանակների եւ մեդալների համար: Գուցե Օլիմպիադան եւ մեծ սպորտը նպաստում են մարդկանց ներդաշնակ զարգացմա՞նը: Դա պարզապես ծիծաղելի պնդում է. ո՞վ կարող է ասել, որ օլիմպիական չեմպիոնուհի, չինացի ծանրամարտուհի, 130 կիլոգրամանոց Չժոու Լուլուն ներդաշնակորեն զարգացած աղջիկ է: Ոչ, նա պարզապես հաղթանակներ կռող մեխանիզմ է, որն ամեն անգամ ծանրաձողը բարձրացնելիս «չեստ» էր տալիս՝ հավանաբար, չինական պոլիտբյուրոյին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG