Մատչելիության հղումներ

Ըստ Երեւանում, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում անցկացված հետազոտության արդյունքների, բնակչության 60-70 տոկոսը չունի կրթական եւ բժշկական որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն:

Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ հետազոտությունն իրականացրած ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ մարդիկ պաշտոնապես չեն հայտնվել աղքատների շարքում, քանի որ կարողանում են հոգալ սննդի եւ կոմունալ ծախսերը:

«Այս առումով եթե մոտենանք հարցին, ապա աղքատների թիվը շատ ավելի մեծ է», - ասաց նա: - «Չեմ ուզում չափազանցված տվյալներից խոսել, բայց, կարծում եմ, որ նվազագույնը 60-70 տոկոս է կազմում այսօր Հայաստանում աղքատությունը` մարդկային զարգացման անկարողությունների տեսանկյունից: Իսկ զուտ կենսաապահովման նվազագույն պահանջմունքը բավարարելու տեսանկյունից, կարծում եմ, որ 35 տոկոսը համարյա թե մոտ է իրականությանը»:

Պաշտոնական տվյալներով, հիշեցնենք, աղքատ է Հայաստանի բնակչության 35.8 տոկոսը:

Ազգագրետի խոսքով, սակայն, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց նվազագույն կարիքները կարողանում են բավարարել բուժական եւ կրթական հիմնարկներից չօգտվելու հաշվին. - «Պարզվում է, որ մարդիկ առողջապահական ծառայություններից օգտվելու անկարողության հետեւանքով կորցնում են առողջական այնպիսի բազային ունակություններ, որ հետո դա ազդում է նրանց աշխատունակության վրա եւ դա ազդում է ընտանիքի երկարատեւ աղքատության, նույնիսկ խրոնիկական աղքատ դառնալու վրա, այսինքն` ընտանիքը հայտնվում է վերարտադրվող աղքատության գրկում»:

Եթե մարդը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել, ապա ընտանիքը զրկվում է եկամտից, ինչից տուժում են առաջին հերթին երեխաները, որոնց կրթության ու առողջության համար ներդրում չի կատարվում: Նման երեխաները, Թադեւոսյանի համոզմամբ, չեն կարողանա դառնալ լավ մասնագետներ եւ մրցունակ չեն լինի աշխատաշուկայում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, բնակչության մեծամասնությունը` մոտ 76 տոկոսը, չի օգտվում առաջնային բուժօգնությունից` պոլիկլինիկական, շտապ օգնության ծառայություններից:

«Չդիմելու հիմնական պատճառներից 52 տոկոսը պատասխանել են, որ ինքնաբուժմամբ են զբաղվում, 24 տոկոսը պատասխանել են, որ ֆինանսապես ի վիճակի չէին բուժվելու. շատ մեծ տոկոս է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ԱՎԾ-ի Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG