Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հաստատեցին ընկերության մամուլի ծառայությունից, հրաժարվում է ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 ինքնաթիռներից:

Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ «Արմավիա-ի գնած Sukhoi Superjet առաջին ինքնաթիռը մեկ տարի շահագործելուց հետո այն վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել:

Ռուսաստանյան «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունից 2011-2012 թվականների ընթացքում «Արմավիա»-ն պետք է գներ երկու Sukhoi Superjet-100: Առաջինը գնվեց անցած տարվա ապրիլին:

Այս տարվա հուլիսի սկզբին «Արմավիա»-ն հայտարարեց, թե հրաժարվում է գնել Sukhoi Superjet երկրորդ ինքնաթիռը: Այն ժամանակ պատճառներ չնշվեցին, կային միայն ենթադրություններ: Եվ ահա, այժմ հայկական ավիաընկերությունը հրաժարվեց նաեւ առաջին ինքնաթիռից:

Հայկական ավիափոխադրողի` Sukhoi Superjet-երից հրաժարվելու մասին առաջինն այսօր հաղորդել է մոսկովյան РБК daily պարբերականը` հավելելով, որ երկու Superjet-երը, որոնց վրա գրված է «Արմավիա», այժմ գտնվում են Մոսկվայից ոչ հեռու գտնվող Ժուկովսկի քաղաքի հայտնի օդանավակայանում` «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության թռիչքափորձարկային համալիրի տարածքում:

Ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովը մոսկովյան պարբերականին նաեւ փոխանցել է, որ իրենք «Արմավիա»-ից դեռ չեն ստացել ինքնաթիռներից հրաժարվելու, այսինքն` պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին պաշտոնական փաստաթղթերը:

РБК daily-ին, հղում կատարելով իր անանուն աղբյուրներին` գրում է նաեւ, որ հայկական ավիաընկերությունը պարտքեր ունի արտադրող ընկերությանը` Sukhoi Superjet առաջին ինքնաթիռի սպասարկման համար: Միեւնույն ժամանակ, պարբերականը հավելում է, որ «Արմավիա»-ին մոտ կանգնած աղբյուրներն էլ նշում են, թե Sukhoi Superjet-ը մինչեւ վերջ մշակված չէ, եւ եթե Airbus ու Boeing ինքնաթիռները ամսվա մեջ թռչում են 330-350 ժամ, ապա SSJ-ին` միայն 150 ժամ:

«Իմ տվյալներով, «Արմավիա»-ն հրաժարվել է ռուսական Sukhoi Superjet-ից, որովհետեւ այդ ինքնաթիռը որակի հետ կապված խնդիրներ ունի», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտատարեց Հայաստանի քաղավիացիան ավելի քան մեկուկես տասնամյակ ղեկաված Դմիտրի Ադբաշյանը` հավելելով, որ «ինքնաթիռը մշակման կարիք ունի»:

Այսօր ռուսական Sukhoi Superjet-երին անդրադարձել է նաեւ մոսկովյան մեկ այլ պարբերական` Новая газета-ն, գրելով, թե «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Superjet-երից մեկի հետ լուրջ միջադեպ է տեղի ունեցել (բարեբախտաբար` առանց զոհերի) ընդամենը երեք օր առաջ` օգոստոսի 3-ին, եւ այդ փաստը «Աերոֆլոտ»-ում ու «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունում թաքցնում են` նպատակ ունենալով չվանել իրենց պոտենցիալ հաճախորդներին` ավիաընկերության ծառայությունից օգտվող ուղեւորներին եւ ինքնաթիռի հնարավոր գնորդներին:

Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ այս մայիսին Ինդոնեզիայում` ցուցադրական թռիչքի ժամանակ Sukhoi Superjet-ը բախվել էր սարին, եւ ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ` 45 հոգի, զոհվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG