Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Կրեմլը Հայաստանը դիտում է որպես եվրասիական ծրագրի հիմնական դերակատար»


Վլադիմիր Պունինն ու Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում: Մոսկվա, 15-ը մայիսի, 2012թ.

Վլադիմիր Պունինն ու Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում: Մոսկվա, 15-ը մայիսի, 2012թ.

Ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերի կարծիքով, Պուտին - Սարգսյան` օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպմանը կլինեն հայտարարություններ «ռուս-հայկական հատուկ ռազմավարական հարաբերությունների մասին»:

«Մոսկվայի հենարանը տարածաշրջանում Երեւանն է, Երեւանի հիմնական գործընկերն էլ տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանն են», - շարունակեց փորձագետը: - «Անշուշտ, Մոկսվայի գերնպատակն է, հենվելով Երեւանի հետ հատուկ հարաբերությունների վրա, տարածել սեփական ազդեցությունը ողջ տարածաշրջանում, եւ մեծ նշանակություն չունի, թե ինչ անձնական հարաբերություններ ունեն Պուտինն ու Սարգսյանը»:

Ի տարբերություն հայաստանցի մեկնաբանների, ռուսաստանցի փորձագետը մեծ շեշտադրում այդ հարաբերությունների վրա չի անում` նկատելով, որ սկզբունքային առումով «Մոսկվայի համար Հայաստանի այսօրվա իշխանությունները հարմար են»:

Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ ավելի արեւմտամետ է, քան նախկինում էր, ապա Ֆելգենգաուերի կարծիքով, դա զարմանալի չէ, եւ բնական է, որ Երեւանը փորձում է հարաբերություններ կառուցել ե'ւ Արեւմուտքի, ե'ւ Ռուսաստանի ու Իրանի հետ: Սակայն տարածաշրջանի այսօրվա բարդ իրավիճակի ֆոնին «Մոսկվան ու Երեւանը իրարից կախման մեջ են հայտնվել, եւ Երեւանի համար այսօր հիմնական գործընկերը շարունակում է մնալ Մոսկվան»:

Ինչ վերաբերում է Եվրասիական միության ծրագրին, ապա Կրեմլը Հայաստանը դիտում է որպես այս ծրագրի հիմնական դերակատարներից մեկը, հատկապես որ «Հարավային Կովկասը կարեւոր է Ռուսաստանի համար, ոչ պակաս կարեւոր, քան, օրինակ, Կենտրոնական Ասիան»:

«Բացի այս, այսօր Ադրբեջանն է'լ ավելի է հեռանում Ռուսաստանից, եւ Հայաստանի կշիռը փոքր-ինչ մեծացել է Ռուսաստանի համար: Հայաստանին էլ այսօր անհրաժեշտ են ռուսական ներդումները», - նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա Ֆելգենգաուերի կարծիքով, որեւէ լուրջ հայտարարություն երկու օրից կայանալիք հանդիպմանը չի հնչելու, եւ ընդհանրապես այսօր Մոսկվան լուրջ քայլեր չի ձեռնարկի, քանի որ «չկան դրա համար բարենպաստ պայմաններ»:

«Իրավիճակը տարածաշրջանում բարդ է, Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններն էլ այսօր բարդ են, եւ Մոսկվան պետք է քայլեր ձեռնարկի Բաքուն վերադարձնելու համար», - ասաց փորձագետը` եզրակացնելով, թե Ղարաբաղի հարցում «հատուկ ակտիվություն Պուտինը չի ցուցաբերի: Գոնե առաջիկայում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG