Մատչելիության հղումներ

Սիրիայի վարչապետը անցավ ընդդիմության կողմը


Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբ, արխիվային լուսանկար
Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբ, արխիվային լուսանկար
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը այսօր կրեց թերեւս ամենամեծ հարվածը երկրում շարունակվող հակամարտության ընթացքում. իշխանական ճամբարը լքելու եւ ընդդիմության կողմն անցնելու մասին հայտարարեց վարչապետ Ռիյադ Հիջաբը, ով այս պաշտոնում նշանակվել էր ընդամենը երկու ամիս առաջ եւ դեռեւս երեկ համարվում էր Ասադի մերձավոր աջակիցներից մեկը։

«Ես հեռանում եմ մարդասպան եւ ահաբեկիչ վարչակազմից եւ միանում եմ ազատությանն ու հեղափոխությանը», - ժամեր առաջ հայտարարել է Հիջաբը «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությամբ` ընդգծելով, որ այսօրվանից դառնում է «օրհնյալ հեղափոխության հավատարիմ զինվորը»։

Ավելի վաղ` հայտարարությունից մոտ մեկ ժամ առաջ, Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդեցին, թե նախագահը պաշտոնանկ է արել վարչապետին` առանց հավելյալ մանրամասների ու պատճառաբանությունների։

Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, թե Հիջաբը այս պահին ընտանիքի հետ գտնվում է Հորդանանում, ապահով վայրում։

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ, Ասադի զորքերը այսօր առավոտից կատաղի ռմբակոծում են Սիրիայի եւ Հորդանանի սահմանը, այլ աղբյուրներ առայժմ այս տեղեկությունը չեն հաստատում։

Չեն դադադում նաեւ մարտերը Դամասկոսում եւ առետրային մայրաքաղաք Հալեպում։ Հաստատված տեղեկությունների համաձայն, ընդդիմադիրներն այսօր պայթյուն են իրականացրել Դամասկոսի պետական հեռուստառադիոընկերության շենքի երրորդ հարկում, աշխատակիցներից երեքը վիրավորվել են, զոհեր չկան, լրատվամիջոցը շարունակում է աշխատանքը։

Ավելի վաղ ընդդիմադիրները հարձակվել էին նաեւ Հալեպում գտնվող պետական հեռուստաընկերության վրա, հարձակումից մի քանի ժամ անց ինտերնետում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումներից մեկը մահապատժի ենթարկում պետական հեռուստաընկերության լրագրողին։ «Թող սա դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր պաշտպանում են իշխող վարչակազմին», - ըստ France Press-ի` հայտարարել են գրոհայինները։

Այս պահին, արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Ասադը կենտրոնացնում է ուժերը Հալեպում, որտեղ, ըստ Reuters-ի, վերջին մի քանի ժամվա ընթացքում հավելյալ 20 հազար զինվոր է տեղակայվել։ «Իշխող վարչակազմը պատրաստվում է լայնածավալ ցամաքային գործողության, որը, թերեւս, ամենավճռորոշն է լինելու Հալեպի համար շարունակվող պայքարում», - պնդում են տեղի աղբյուրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG