Մատչելիության հղումներ

Առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուներ առաջադրելու տեսակետից առայժմ առավել մեծ ակտիվություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

«Նաեւ պատասխանատվության մեծ բեռ է վերցնում ՀՀԿ-ն: Այնուհանդերձ, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն, կարծում եմ, պիտի պատրաստ լինի այդ բեռը վերցնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի համար ՏԻՄ ընտրությունները առավել կարեւոր են՝ «քանզի այն անմիջապես սպասարկում է հանրությանը»:

Օգոստոսի 5-ին կմեկնարկի Հայաստանի 5 մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցման փաստաթղթերի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ին ժամը 18-ն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մի շարք համայնքներում:

«ՏԻՄ ընտրություններն ավելի բարդ ընտրություններ են: Դրանք պահանջում են կոնկրետ գործեր, ամենօրյա աշխատանք», - ասում է ՀՀԿ փոխնախագահը` կարծիք հայտնելով, թե դա է պատճառը, որ շատ քաղաքական ուժեր չեն համարձակվում ՏԻՄ ընտրությունների ժամանակ մրցակցության մեջ մտնել:

Ընդդիմության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, համաձայն չէ Գալուստ Սահակյանի հետ:

«Ընդդիմությունը ավելի մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում երկրում տեղի ունեցող գործընթացներին, քան իշխանույունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց նա, - «Իշխանության պատասխանատվությունը միայն կայանում է նրանում, որ ադմինիստրատիվ ռեսուրսների օգնությամբ եւ բազմաթիվ արգելված մեխանիզմների կիրառմամբ ամեն կերպ փորձում են վերարտադրվել»:

Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց, որ ՀԱԿ-ն այս անգամ շատ է կարեւելու ՏԻՄ ընտրությունները, քանի որ դրանք նախորդում են նախագահական ընտրություններին:

«Ե՛վ գյուղապետերի առաջադրում է լինելու, ե՛ւ ավագանու, ինչպես նաեւ որոշ քաղաքներում քաղաքապետերի առաջադրումներ կլինեն», - ասաց նա:

Հավելենք, որ առաջիկայում շուրջ երկու տասնյակ քաղաքային համայնքներում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ: Մասնավորապես, քաղաքապետ են ընտրելու Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Էջմիածնում, Մասիսում, Սիսիանում, Մեղրիում, Կապանում, Քաջարանում:

Ի դեպ, մամուլում այսօր պտտվում էր տեղեկատվություն այն մասին, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծրագրում է իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին, դարձնել Արտաշատի քաղաքապետ արտահերթ ընտրության միջոցով: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեզ ասաց, որ նման հարց դեռեւս չի քննարկվել եւ սա ապատեղեկատվություն է:

Հիշեցնենք, որ վաղը Թալինում քաղաքապետի արտահերթ ընտրություններն են: Ակնկալվում է, որ թեժ մրցակցություն կծավալվի երեք թեկնածուների միջեւ՝ Սարգիս Արամյանի, ում պաշտոնապես աջակցում է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ական Վազգեն Խաչատրյանի եւ ինքնաառաջադրված Վորոշ Խաչատրայնի: Ընդդիմությունը այստեղ թեկնածու չի առաջադրել:

XS
SM
MD
LG