Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 4-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ։ Հարցին՝ դիտարկելով այսօրվա զարգացումները՝ ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունը միասնական թեկնածու կունենա՞, Աղվան Վարդանյանը պատասխանում է․ - «Բոլոր նախագահական ընտրություններից առաջ էլ այդ հարցը օրակարգում է դրվում։ Ես կարծում եմ՝ հիմա շատ կարեւոր խնդիր է ձեւակերպել հարցերի այն շրջանակը, որոնք անհրաժեշտ են այս երկրին։ Ակնհայտ է, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք կապված երկրի զարգացման, մեր քաղաքացիների վիճակի բարելավման, ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Այդ բոլոր հարցերը լուծումներ են պահանջում։ Ցավոք, խորհրդարանական ընտրություններն իրենց արտաքին ֆոնով հանդերձ իրականում իշխանության վերարտադրման մեխանիզմներ էին»։ ՀՅԴ ներկայացուցիչը շարունակում է․ - «Երբ մարդու աշխատանքը գնահատվում է ոչ թե օրենքով, նրան տրված լիազորությունների կատարման որակով, այլ նրանով, թե այդ մարդն իր կուսակցությանը քանի ձայն է բերել, պետական ամբողջ համակարգն այլասերվում է եւ դադարում լինել ժողովրդավարական։ Այն, ինչ այսօր կատարվում է, այս համատարած կուսակցականացումն անընդունելի է։ Այս խնդիրներն են այսօր առաջնահերթ, շատ կարեւոր է ձեւակերպել խնդիրները եւ փորձել գալ լայն համաձայնության, որ մեր հասարակությունը հասկանա՝ իշխանությունն ինքնանպատակ չէ։ Սա ձեւակերպելուց հետո կերեւա, թե ե՛ւ քաղաքացիական հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը ինչպիսի վերաբերմունք ունեն այս հարցերի վերաբերյալ։ Եթե այստեղ հնարավոր լինի կոնսենսուսի հասնել, նոր հնարավոր կլինի քննարկել մյուս խնդիրները»։

«Հրապարակ»-ը գրում է․ - «Ի տարբերություն նախագահականի, ՏԻՄ մարմինների ղեկավարների պաշտոնավարման ժամկետները մեր երկրում անսահմանափակ են: Եթե նախագահի թեկնածուն երկու անգամ անընդմեջ առաջադրվելուց հետո այլեւս չի կարող առաջադրել իր թեկնածությունը, ապա քաղաքապետերը, համայնքապետերը մեր երկրում ցմահ պաշտոնավարում են՝ սերտաճելով աթոռի հետ»: «Հրապարակ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ։ Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ ՏԻՄ ղեկավարների ժամկետները չսահմանափակելը, Դավիթ Հարությունյանը պատասխանում է․ - «Դժվար է ասել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, բայց ես հակված եմ սահմանափակմանը: Ես կարծում եմ, որ երկու ժամկետը բավական է, որ թեկնածուն իրեն դրսեւորի, եւ ճիշտ է տարբեր մարդկանց նման հնարավորություն տալը»։ Դավիթ Հարությունյանի խոսքով, միջազգային փորձը եւս դրա մասին է վկայում. կան մի շարք երկրներ, որտեղ սահմանափակված են քաղաքապետերի եւ համայնքապետերի առաջադրման ժամկետները:

«Առավոտ» թերթի զրուցակիցն է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ «Չնայած որ ծրագրի տեսքով ճոխ-ճոխ խոստումներ են ամրագրված, բայց վերջին 1-2 տարում կարծես թե ժապավեններ չեն կտրվում, գործարաններ չեն բացվում, նախկին տարիներին, գոնե ներդրումների առումով որոշ աշխուժություն ռեալ կար», - լրագրողի այս դիտարկմանը Տիգրան Դավթյանը պատասխանում է․ - «Ժապավեններով մի կողմնորոշվեք, այս տարվա ընթացքում Չարենցավանում մետալուրգիական մեծ գործարան ենք բացելու, այդ ծավալներով չենք ունեցել, որտեղ 300 աշխատատեղ է լինելու, չնայած նրան որ ավտոմատացված է, դե պատկերացրեք ինչ մասշտաբների գործարան է, որ նույնիսկ այդ պարագայում 300 մարդ է աշխատելու, որի արտադրանքն արտահանվելու է: Արդեն ունենք 60 ձեռնարկությունների ցանկ, որոնք նոր են բացվել կամ լուրջ վերազինվել են: Ընդհանուր առմամբ 5000 աշխատատեղ է ստեղծվել: Հիմի կասեք քիչ է, բայց խոսքը գնում է լավ աշխատատեղերի մասին, ֆայլաբազարում էլ աշխատատեղ կա, բայց խոսքը ժամանակակից ու երկարատեւ աշխատատեղի մասին է: Մարդկանց երազանքը, որը սովետական ժամանակներից մնացել էր, ունենան կայուն, երկարատեւ աշխատատեղ, կիրականանա: Մարդը գնալու է գործարանում աշխատի, որտեղ նորմալ վճարովի պայմաններով աշխատատեղեր են լինելու դրանք»։

«Հայոց աշխարհ»-ը լոնդոնյան օլիմպիադայում հայ մարզիկների անհաջողությունների կապակցությամբ զրուցել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Հանրապետության գլխավոր մարզական բժիշկ Ռաֆայել Թորոյանի հետ։ Հարցին՝ արդյունքները պայմանավորված են անպատրաստ լինելո՞վ, Թորոյանը պատասխանում է․ - «Մի քանի գործոն կա։ Համարում եմ, որ չունենք օլիմպիական չեմպիոններ պատրաստող մարզիչներ: Բերեք շեշտենք, որ նման մասնագետներ չենք պատրաստել: Երբ ունենանք, այդ ժամանակ էլ կարող ենք պահանջել, թե ինչու նա չի «կերտում» օլիմպիական չեմպիոնների: Ինչ վերաբերում է մարզիկների ֆունկցիոնալ ցուցանիշներին, ապա դրանք, կարծես թե, նորմալ են։ Համենայնդեպս, չենք կարող ասել, որ առումով նրանցից մեկը կաղում է, մյուսը՝ ոչ։ Կան ավելի գլոբալ հարցեր։ Համարում եմ, որ կարելի էր ավելի լավ ելույթ ունենալ։ Միաժամանակ չմոռանանք, որ օլիմպիական խաղերը վեր են նաեւ աշխարհի առաջնությունից եւ այստեղ հաղթելը չափազանց դժվար է։ Պետք է նշել նաեւ, որ օլիմպիադաներում բոլորովին այլ սկզբունքներ են գործում, եւ նախապատրաստության ընթացքում ծագող հարցերն էլ միանգամայն այլ լուծում են պահանջում: Սա է խնդիրը. իսկ այն, որ այսինչ ծանրորդը մեկ կամ մի քանի զրո ստացավ, ընդհանուր իրավիճակից բխող մասնավոր դեպք է: Ավելի լավ է մտածենք, թե ինչու այսպես ստացվեց, եւ ինչ է պետք անել հետագայում դրանից խուսափելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG