Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ակտիվիստների հարցը «իրավական հարթությունում է»


Ֆեյսբուքյան ասուլիս. Վահե Էնֆիաջյան
please wait

No media source currently available

0:00 0:57:53 0:00

Ֆեյսբուքյան ասուլիս. Վահե Էնֆիաջյան

«Ազատություն» ռադիոկայանի հերթական ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն է:

Հարցին, թե ինչու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցում բողոքի ակցիաներին ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, եւ ինչու ԲՀԿ-ն հանդես չի գալիս դատապարտող հայտարարությամբ, պատգամավորն արձագանքեց, թե հարցն իրավական դաշտում է. - «Եթե վիճարկելու խնդիր կա էլ, սա իրավական հարթության ներքո է պետք տեսնել: Իմ կարծիքով, երիտասարդների նկատմամբ կիրառվել է ամենախիստ պատժամիջոցը: Կարելի էր ավելի մեղմ վարվել»:

Օգտատիրոջ ճշտող հարցին, թե դա չի նշանակում արդյոք, որ ինքը քաղաքական հետապնդումը որակում է իրավական, Էնֆիաջյանը պատասխանեց. - «Եթե դատական գործընթացում է գտնվում, իրավական հարթության մեջ է պետք պայքարել: Այսինքն` հետապնդում ի՞նչ ձեւաչափով են պատկերացնում»:

Մեկ այլ օգտատեր հարցրել էր, թե արդյոք կոալիցիա չկազմելուց հետո չեն եղել կուսակցությունից հեռացողներ: Պատգամավորը պատասխանեց, թե ընդհակառակը` «Բարգավաճ Հայաստան»-ը մեծ հեղինակություն է վայելում եւ «անդամագրվողների ակտիվ ներհոսք կա»:

Բազմաթիվ օգտատերեր պարզապես գնահատականներ էին տվել` «ԲՀԿ-ն կեղծ ընդդիմություն է», «դեր է խաղում մինչեւ նախագահական ընտրությունները»: «Անհեթեթություն է», - ասաց Էնֆիաջյանը` շարունակելով. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեւիցե չի կարող լինել ինչ-որ մեկի ձեռքի կամ ինչ-որ մի մեծ նպատակի խաղալիք: Դա բացառված մի դասավորում է: Կուսակցությունը շատ հստակ քաղաքական ուժ է, որը միշտ իր դիրքորոշումը հայտնել է: Եթե ինչ-որ խնդիրներ մենք տեսնում ենք կամ ինչ-որ մի բան մեր կուսակցության անդամների դուրը չի գալիս, նրանք քաղաքական խորհրդի նիստերի ժամանակ իրենց դիրքորոշումն ու կարծիքը հայտնում են: Եվ կուսակցության ղեկավարը միշտ հաշվի է նստում»:

Կար նաեւ այսպիսի հարց` օլիգա՞րխ է արդյոք Գագիկ Ծառուկյանը: Էնֆիաջյանի պատասխանը. - «Օլիգարխ բառի ընկալման մեջ ի՞նչ է պատկերացնում… Պարոն Ծառուկյանը մեր նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ամենափոքր ձեռնարկատիրական գործունեությունը ծավալելուց հասել է ամենամեծ ծավալների: Եվ սա շատ ողջունելի մեր հասարակության մեջ գործընթաց եւ զարգացումներ է ունեցել: Այս ձեւաչափին գնահատականներ տալ, կամ որակավորում տալ, անընդունելի եմ համարում»:

Օգտատերերից շատերին հետաքրքրում էր, թե արդյոք Լոնդոնի օլիմպիադայում հայ մարզիկների անհաջող ելույթներին կհետեւեն պաշտոնանկություններ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, որը նախագահը Գագիկ Ծառուկյանն է:

«Կանխատեսումներ չեմ ուզում անել: Բացթողումների մասին էլ չեմ ուզում խոսել: Նախ սպորտը շատ անկանխատեսելի ոլորտ է: Մենք ժամանակ ունենք դեռ սպասելու եւ շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ամբողջ աշխարհում հայ ազգը ուշի-ուշով հետեւում է, եւ հայ մարզիկներից ներքուստ մեծ ակնկալիքներ ունենք: Եվ հուսով լինենք եւ սպասենք», - արձագանքեց Էնֆիաջյանը` հավելելով, թե ՀԱՕԿ-ի նախագահը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի մարզիկները «լավագույնս հանդես գան»:

Իսկ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի քննադատությանը Գագիկ Ծառուկյանի հասցեին, թե նա ոլորտի մասնագետ չէ ու ձախողումները օլիմպիական խաղերում դրա հետեւանքն է, Վահե Էնֆիաջյանը արձագանքեց. - «Խավար գոռալու փոխարեն կարելի է մեկ մոմ վառել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG