Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմանավերը ուղեւորվում են դեպի Սիրիա


Ռուսաստանի երեք ռազմանավեր ուղեւորվում են Սիրիայի Թարթուս նավահանգիստ, ուր կհասնեն մի քանի օրից։ Այդ մասին այսօր հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում։

Նախատեսվում է, որ այս շաբաթվա վերջին կամ եկող շաբաթվա սկզբին երեք դեսանտային մեծ նավերը` «Ալեքսանդր Օտրակովսկի»-ն, «Գեորգի Պոբեդոնոսեց»-ը եւ «Կոնդոպոգա»-ն, ծովային հետեւակի ստորաբաժանումներով, կհասնեն Սիրիա։ Նավերից յուրաքանչյուրի վրա ծովային հետեւակայինների ուժեղացված վաշտ է` շուրջ 120-ական մարդ` հրազենով եւ ռազմական տեխնիկայով։

Ըստ նույն աղբյուրի` սիրիական նավահանգստում նավերը համալրելու են Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական պաշարները եւ մի քանի օր մնալուց հետո վերադառնալու են սեւծովյան Նովոռոսիյսկ նավահանգիստ։ Ակնկալվում է, որ նավերը Սեւ ծով կմտնեն օգոստոսի 12-ին։

Միաժամանակ, աղբյուրը չի հստակեցրել, թե մնալո՞ւ են արդյոք ռուսաստանցի ծովային հետեւակայինները Թարթուսում` նյութատեխնիկական ապահովման կետի անվտանգությանը հետեւելու նպատակով։

Այսօր ավելի ուշ, սակայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` վստահեցնելով, որ երեք ռազմանավերի մուտքը սիրիական նավահանգիստ նախատեսված չէ, եւ որ դրանք պաշարների համալրումը կատարելու են ծովում, փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG