Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան «Արմավիա»-ի արտահերթ չվերթով Հայաստան եկան 50 սիրիահայ: Ինքնաթիռի 50 տեղերն էլ զբաղեցված էին: Սա ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության հայտարարած լրացուցիչ առաջին չվերթն էր:

«Արմավիա»-ի միջոցներով իրականացվող լրացուցիչ չվերթի տոմսերի գները չեն նվազել` դրանք տատանվում են 117.000 դրամից մինչեւ 192.000 դրամ: Մինչդեռ, Սիրիայից ժամանողներն ասում էին, որ Հալեպում վաճառվող «Արմավիա»-ի տոմսերը տարբեր գործակալություններ, առիթից օգտվելով, ավելի բարձր գնով են վաճառում:

Հալեպից ժամանակավորապես ընտանիքով Հայաստան տեղափոխվեց հալեպաբնակ Աբրահամ Վազիրյանը: Ընտանիքը բնակվելու է հարազատների տանը: Աբրահամն ասում է, որ եթե տոմսերն էժանանան, Հալեպի հայերը դուրս կգան երկրից: Այնտեղ մնալն արդեն վտանգավոր է, ասում է նա։ Նրա կինն էլ՝ Անի Մուկուչյանը, հավելում է, որ շատերն ուզում են ավտոբուսներով տեղափոխվել, բայց վախենում են, քանի որ ցամաքային ճանապարհը դեպի Հայաստան վտանգավոր է։ Ամուսինները պատմում են Հալեպում շարունակվող կրակոցների, ծեծի, սպանությունների մասին:

Շատ սիրիահայեր, զգուշանալով խոսել, ասում են, որ Հալեպում վիճակը լավ է: Իսկ ով հակառակն է պատմում, սուտ է խոսում։

Արտաքին գործերի նախարարության տվյալներով, այս տարվա յոթ ամիսներին Հայաստանի մուտքի 3 հազար վիզա է տրվել Սիրիայի քաղաքացիներին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG