Մատչելիության հղումներ

Ազնավուրը համերգ կտա Ախալցխայում


Շվեյցարիա - Շառլ Ազնավուրը որպես Հայաստանի դեսպան մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին Ժնեւում, արխիվային լուսանկար

Շվեյցարիա - Շառլ Ազնավուրը որպես Հայաստանի դեսպան մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին Ժնեւում, արխիվային լուսանկար

Աշխարհահռչակ շանսոնիեին հրավիրել են Վրաստանի իշխանությունները։

Շառլ Ազնավուրը օգոստոսի 16-ին Ախալցխայում բարեգործական համերգ կտա։

Վրաստանի իշխանությունները վերականգնել են Ռաբաթ ամրոցն ու բացման առիթով աշխարհահռչակ շանսոնիեին հրավիրել Ախալցխա` նրա հոր` Միքայել Ազնավուրյանի ծննդավայրը։ Ազնավուրը հրավերը ընդունել է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Վրաստանի հայերի միության նախագահ Գենա Մուրադյանը։

«Կառավարությունը այսպիսի որոշում ընդունեց, որ կանչեն Շառլ Ազնավուրին, որի նախնիները` հայրը, նախնիները, ծնված են Ախալցխայում, ու ինքը շատ է սիրում այդ քաղաքը, որովհետեւ ինքը երկու անգամ եղել է Վրաստանում, ամեն գալուց միշտ խնդրել է, օրինակ` 1998 եւ 2003 թվականին եկավ` միասին գնացել ենք Ախալցխա, իրեն ցույց ենք տվել այդ քաղաքը, ինքը շատ ուրախ էր»։

Համերգը բացօթյա է լինելու։ Մուրադյանի խոսքով` Ազնավուրը երգելու է կենդանի հնչողությամբ. - «Բոլորը, ճիշտն ասած, ինձ զանգում են շատ ու զարմանալով հարցնում են, ասում են` «87-88 տարեկան մարդը ո՞նց պետք է երկու ժամ...», ասում եմ` «Շառլը դա կարող է»։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հաղորդում է, որ Ազնավուրը Վրաստան է ժամանում 25-հոգանոց երաժշտախմբով։ Երկրի տարբեր մասերում ապրող հայերն արդեն այցի մասին տեղյակ են։ Ինչպես ասաց Վրաստանի հայերի միության նախագահը, «Թբիլիսիից, շրջաններից, ուրիշ քաղաքներից բոլորս գալիս ենք այնտեղ, հավաքվում ենք, որ հանդիպենք Շառլին եւ մասնակցենք իր կոնցերտին»։

Ազնավուրը Վրաստան կժամանի երկօրյա այցով, օգոստոսի 16-ին Ախալցխայում կլինի, 17-ին` Թբիլիսիում. Վրաստանի հայերի միության նախագահը այդպիսի տեղեկություն ունի եւ այն ճշտելու համար երկրի արտգործնախարարությունից շանսոնիեի այցի օրակարգն է խնդրել, որ Թբիլիսիում օգոստոսի 17-ին հայ համայնքի հետ հանդիպում կազմակերպի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG