Մատչելիության հղումներ

Օգոստոսի 3-ի մամուլ


«Ժողովուրդ» թերթի մեկնաբանը փորձում է հասկանալ, թե ինչու է նախագահ Սերժ Սարգսյանն իր կարճատեւ արձակուրդի ընթացքում աշխատանքային այց կատարում Մոսկվա: «Ի՞նչը կարող է կարեւորություն ունենալ Հայաստան - Ռուսաստան հարաբերություններում», - հարց է բարձրացնում հոդվածագիրն ու շարունակում. - «Ղարաբաղի հարցում, կարծես թե, առայժմ նշանակալի գործընթացների նախադրյալներ չկան: Սիրիայի հետ կապված` դժվար թե Հայաստանի դիրքորոշումն այդ աստիճանի կարեւոր համարվեր, առավել եւս, որ Հայաստանը հակված էլ չէ Ռուսաստանից տարբեր դիրքորոշման: Խնդրահարույց հարցեր կարող են լինել Իրանի շուրջ, սակայն դրանք էլ դժվար թե այն աստիճանի հրատապ լինեին, որ հնարավոր չլիներ սպասել մինչեւ սեպտեմբեր: Հետեւաբար, միակ կարեւոր թեման, որի շուրջ Ռուսաստանը պահանջելու է Հայաստանից հստակ դիրքորոշում, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցն է: Առավել եւս, որ այդ մասին արդեն իսկ վերջին շաբաթներին իրար հաջորդած այցերի ընթացքում բարձրաձայնել էր ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած «դեսանտը»: Ըստ ամենայնի, ռուսական իշխանությունները փորձելու են ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա` այդ նպատակով օգտագործելով բոլոր լծակները` սկսած գազի գնից, Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացումից, ավարտած Վլադիմիր Պուտինի պետական այցը չեղյալ անելուց: Թե որքանով կկարողանա Սերժ Սարգսյանը դիմակայել ռուսական ճնշումներին, պարզ կդառնա ընդամենը մեկ ամսից` սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ»:

«Հայոց Աշխարհ»-ի գնահատմամբ` Հայաստանում ներքաղաքական առաջիկա գործընթացների տրամաբանությունը մեծապես պայմանավորված է լինելու արտաքին գործոններով: Թերթը գրում է. - «2012 թվականի առաջին կեսին Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների կիզակետը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն էին, որոնք ընդհանուր առմամբ՝ դուրս չեկան ներքաղաքական շրջագծից։ Տարվա կեսերից, սակայն, ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ծավալվող քաղաքական պայքարի հետագա ընթացքը, մանավանդ հանգուցալուծումը մեծապես կախված է լինելու երկրի շուրջ սրընթաց ծավալվող աշխարհաքաղաքական տեղաշարժերից, որոնք իրենց կնիքն են դնելու իշխանության համար պայքարի 2012-2013 թթ. ողջ շրջափուլի վրա։ Տարվա առաջին կեսին ծավալված իրադարձությունների համեմատաբար հարթ ու հանդարտ ընթացքը երկրորդ կեսին չի կարող իր վրա չկրել Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունների ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված ազդեցությունը։ Դա պայմանավորված է միանգամից երկու էական գործոնի միաժամանակյա ակտիվացմամբ, որոնցից առաջինը Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության ընդհանուր ուղղվածության վրա էական ազդեցություն ունեցող ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման միտումն է, երկրորդը՝ Մերձավոր-Միջին Արեւելքի վերաբաժանման համար պայքարը»։

Մամուլը շարունակում է արձագանքել լոնդոնյան օլիմպիադայում հայ մարզիկների ելույթներին: «Առավոտ»-ն այս հարցը դիտարկում է ներքաղաքական վայրիվերումների համատեքստում. - «Առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցները շարունակում են իրականացնել իրենց շեֆերի քարոզչությունը՝ զուգահեռաբար փնովելով մրցակից թիմերին: Ցավալի է, որ այդ՝ վաղուց արդեն տաղտկալի դարձած հրմշտոցի մեջ հայտնվել են նաեւ սպորտը եւ Օլիմպիական խաղերում մեր մարզիկների առայժմ անհաջող ելույթները: Ես չեմ երկրպագում ո'չ ԲՀԿ-ին, ո'չ էլ այդ կուսակցության փաստացի հիմնադիր երկրորդ նախագահին: Բայց նախ՝ Օլիմպիադան դեռ չի ավարտվել, իսկ ավարտվելուց հետո վերլուծությունը պետք է լինի մասնագիտական, ոչ թե քաղաքական: Երկրորդ՝ մեր մարզիկները ներկայացնում են ոչ թե ինչ-որ մի կուսակցություն, այլ մեր ամբողջ երկիրը. նրանց հաջողություններով պետք է հպարտանալ, իսկ ձախողումների վրա չի կարելի չարախնդալ»:

«Այս օրերին հայերը շունչները պահած հետեւում են լոնդոնյան խաղերին: Փոքր ազգին բնորոշ սնապարծությամբ մենք փորձում ենք աշխարհին հայտարարել մեր մասին՝ գոնե օլիմպիական մեդալների տեսքով: Մեր մարզիկներն էլ, թարսի նման, պարտություն պարտության ետեւից են կրում», - գրում է «Հրապարակ» օրաթերթն ու ընդհանրացնում. - «Սպորտասերների հուսահատ, ջղաձիգ վիճակը տեսնելով՝ չենք կարող անտարբեր մնալ: Մեզ հաղթանակներ են հարկավոր՝ թեկուզ փոքրիկ, թեկուզ սպորտային, բայց հաղթանակներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG