Մատչելիության հղումներ

Փաստաբանները ստացել են «Հարսնաքար»-ի գործով նյութերի մի մասը


Մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանի մոտ, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ․

Մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանի մոտ, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ․

Վահե Ավետյանի իրավահաջորդ` նրա հայր Գառնիկ Ավետյանի փաստաբանները Ոստիկանությունից քիչ առաջ ստացել են «Հարսնաքարի» գործով նյութերի մի մասի պատճենները:

«Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հեռախոսով հայտնեց Գառնիկ Ավետյանի փաստաբաններից Տիգրան Եգորյանը, ով ներկայումս գտնվում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության շենքում:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, թե Ոստիկանությունը խոչընդոտում է իրենց աշխատանքը` չտրամադրելով քրեական գործի նյութերը:

Երեկ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին, թե փաստաբաններ Տիգրան Եգորյանին եւ Լուսինե Հակոբյանին Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից հուլիսի 27-ին ուղարկել են գրություն, որպեսզի օգոստոսի 1-ին, փաստաբանները գան ու ծանոթանան քրեական գործի նյութերին:

Մինչդեռ, այսօր` օգոստոսի 2-ին, փաստաբանները լրագրողներին փոխանցեիցին, թե գրությունը իրենք ստացել են այսօր, ուստի երեկ չէին կարող գնալ ու ծանոթանալ նյութերին, եւ այդ կապակցությամբ պատրաստվում էին բողոքի դիմում ներկայացնել Գլխավոր դատախազություն:

Այսօր ավելի վաղ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց քաղաքացիական նախաձեռնությունների ձեռնարկած բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում էին Ոստիկանությունից արդար քննություն իրականացնել, պատժել «Հարսնաքար»-ի գործով բոլոր մեղավորներին եւ խոչընդոտներ չստեղծել է Վահե Ավետյանի իրավահաջորդ` նրա հայր Գառնիկ Ավետյանի փաստաբանների առջեւ` նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը:
XS
SM
MD
LG