Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը չի դատապարտելու ոչ իշխանական ուժերի քայլերը


Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չի մեղադրելու կամ դատապարտելու ոչ իշխանական որեւէ ուժի եւ ձեռնպահ է մեկնաբանել նրանց դիրքորոշումները, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է բացատրում «Հարսնաքար»-ի գործով տարբեր խորհրդարանական նախաձեռնություններից հրաժարվելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կեցվածքը:

Հիշեցնենք, ԲՀԿ-ն վերջին պահին հրաժարվեց ստորագրել Գլխավոր դատախազությանն ու Կառավարությանը հասցեագրված հարցաշարի տակ՝ պատճառաբանելով նախաձեռնությանը «Ժառանգություն» խմբակցության մասնակցությունը: Եվ չնայած կոալիցիայի մաս կազմելուց հրաժարված այս խմբակցությունը պատրաստակամություն հայտնեց «Հարսնաքար»-ի գործով այլ նախաձեռնություններ քննարկել ՀԱԿ-ի եւ Դաշնակցության հետ, կամ հանդես գալ սեփական հարցաշարով, միայն թե, ԲՀԿ-ականների բնորոշմամբ՝ «այլ տեղերից կառավարվող» «Ժառանգությունը» չմասնակցի գործընթացին, այնուամենայնիվ այսօր տեղեկացանք, որ ԲՀԿ-ն դեռ սեփական նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Ավելի վաղ տապալվել էր «Հարսնաքար»-ի հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաքը. ԲՀԿ-ի 37 պատգամավորներից նախաձեռնությանը միացել էին 7-ը։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, այնուհանդերձ, չի համարում, որ խորհրդարանում ոչ կոալիցիոն ուժերի համագործակցությունը արդեն իսկ վտանգված է։ Նա նպատակահարմար չգտավ մեկնաբանել, թե արդյոք արժանահավատ են «Ժառանգության» մասնակցության պատրվակով խորհրդարանականների նախաձեռնություններից հրաժարվելու՝ ԲՀԿ-ի հիմնավորումները՝ ասելով․ - «Մենք չենք դատապարտելու որեւէ քաղաքական ուժի, մենք որեւէ քաղաքական ուժի ինչ-որ բան չենք պարտադրելու կամ փորձելու ինչ-որ դիվիդենտներ քաղել։ Նման մոտեցումները ուղղակի վնասակար են: Մենք կարծում ենք, որ բոլորի մոտեցումը հետեւյալը պետք է լինի․ եթե կան նախաձեռնություններ, որոնց շուրջ կարող ենք միավորվել, ուրեմն՝ միավորվում ենք եւ համատեղ ենք գործում։ Եթե ինչ-ինչ պատճառներով ինչ-որ քաղաքական ուժ չի կարողանում միանալ այդ նախաձեռնությանը, մենք նրան չպիտի պախարակենք, չպիտի մեղադրենք: Ավելին՝ շատ հնարավոր է, որ քաղաքական ուժերը նաեւ միակողմանի նախաձեռնություններով հանդես գան, եւ նորից մենք չպիտի կշտամբենք իրար, որ մեկը մյուսին չմիացավ, կամ մեկի գործողությունների պատճառով տապալվեց մյուսի նախաձեռնությունը: Սա անվերջ եւ դեստրուկտիվ բանավեճ է դառնալու, որեւէ նպաստ չի բերելու մեր ընդհանուր գործին»։

«Մենք ոչ թե փորձում ենք խուսափել ճշգրիտ գնահատականներ տալուց, այլ առողջ քաղաքական ուժերին միավորելու ռազմավարություն ենք որդեգրել, որը հնարավորություն կտա փոխել քաղաքական մթնոլորտը Հայաստանում», - նաեւ ասաց Լեւոն Զուրաբյանը, ընդգծելով, որ իրենց խնդիրն է ապահովել «հնարավորինս շատ պատգամավորների եւ քաղաքական ուժերի ընդգրկվածություն՝ ընդդիմության միասնական նախաձեռնություններում»:

Փորձեցինք ճշտել՝ իսկ եթե շարունակվեն ԲՀԿ-«Ժառանգություն» հակասությունները, արդյո՞ք Կոնգրեսը ԲՀԿ-ի կողմը կանցնի, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն իր մեծությամբ երկրորդ խմբակցությունն է խորհրդարանում եւ միայն ԲՀԿ-ի շնորհիվ է հնարավոր ապահովել «հնարավորինս շատ պատգամավորների մասնակցություն»։ Զուրաբյանն արձագանքեց․ - «Մենք առավելագույնը կանենք, որ նման ընտրության առջեւ կանգնած չլինենք: Բնականաբար, հաշվի առնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առավելագույն մանդատներ ունի, շատ կարեւորում ենք տարբեր հարցերի շուրջ համագործակցության կառուցումը ԲՀԿ խմբակցության հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք բացառելու ենք մեր համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ: Եթե առողջ նախաձեռնություն է, պատրաստ ենք բոլորի հետ խոսել: Թե ինչպես ենք գործելու՝ դա արդեն տակտիկայի հարց է, դա էլ թողեք մեզ, մենք ճիշտ ձեւը կգտնենք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանում եւ հանրահավաքային պայքարում Կոնգրեսի «ճիշտ քաղաքականությունը հնարավորություն կտա լայնացնել իշխանությունների դեմ ոչ իշխանական ուժերի միասնական ճակատը»։

Փորձեցինք ճշտել՝ իսկ որքանո՞վ է Լեւոն Զուրաբյանը հնարավոր համարում նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հեռանկարը։

«Ոչ թե մեզ պետք է միասնական թեկնածու, այլ մեզ պետք է հզոր թեկնածու: Թեկնածուի հզորությունը դա արդեն ֆակտոր է, որը թույլ է տալիս մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին, որը թույլ է տալիս համախմբել քաղաքական ուժերին: Հզոր թեկնածուն ավտոմատ դառնում է միասնական թեկնածու: Եվ այստեղ կարեւոր էլ չէ, որ ստանա բոլորի աջակցությունը», - ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

Այն դիտարկմանը, թե՝ «Գագիկ Ծառուկյանին Ձեր ասած «հզոր» թեկնածուն համարո՞ւմ եք», Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Նպատակահարմար չեմ համարում որեւէ կերպ պատասխանել այդ հարցին»:

Հարցին՝ իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, Զուրաբյանը պատասխանեց․ - «Տեր-Պետրոսյանն այն գործիչն է, որը իր առաջադրման մասին որոշումը կընդունի միայն քաղաքական իրավիճակի եւ ռեսուրսների, նաեւ՝ հակառակորդների ռեսուրսների մանրակրկիտ վերլուծությունից հետո»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG