Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսական լրատվամիջոցներին կարող է արգելվել հանցագործների ազգությունը նշելը


Ռուսաստան - Ազգայնականների ցույց Մոսկվայում, արխիվային լուսանկար

Ռուսաստան - Ազգայնականների ցույց Մոսկվայում, արխիվային լուսանկար

Պետդուման կարող է արգելել ռուսական լրատվամիջոցներին իրենց հրապարակումներում նշել հանցագործների ազգային պատկանելությունը: Նման նախաձեռնությամբ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում հանդես կգա Չեչնիայից ընտրված պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Շամսաիլ Սարալիեւը:

Oրերս հանդես գալով Գրոզնիում կայացած մի հավաքի ժամանակ` չեչեն պատգամավորը հայտարարել է. - «Վիճակագրական տվյալների պարզ ուսումնասիրությունը վկայում է, որ Ռուսաստանում հանցագործությունների 70 տոկոսը կատարում են ոչ կովկասցիները: Չնայած դրան, ռուսաստանյան լրատվամիջոցները գրեթե բոլոր աղմկալի հանցագործություններում փորձում են կովկասյան հետք գտնել»։

Սարալիեւը խոստացել է, որ առաջիկա մեկ ամսում համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը պատրաստ կլինի եւ սեպտեմբերին արդեն կընդգրկվի Պետդումայի աշնանային նստաշրջանի օրակարգում:

Սա կարող է դառնալ իշխող կուսակցության հեղինակած այն եզակի օրինագծերից մեկը, որ կարժանանա ռուսաստանցի իրավապաշտպանների մի զգալի մասի աջակցությանը:

Միգրացիոն եւ ազգամիջյան խնդիրներով զբաղվող թերեւս ամենահայտնի ռուսաստանցի իրավապաշտպան Լիդիա Գրաֆովան «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է. - «Որեւէ վատ բան այս նախաձեռնության մեջ ես չեմ տեսնում, բայցեւայնպես` դա շատ միամիտ գաղափար է: Դրա ի հայտ գալը վկայում է, թե ինչ աղետալի վիճակում են ազգամիջյան հարաբերությունները Ռուսաստանում: Կարելի է արգելել ազգության հիշատակումը, բայց միեւնույն է` այդ հանցագործների ծագումը հնարավոր կլինի բացահայտել, ասենք, ազգանվան միջոցով»։

«Թշնամու փնտրտուքը դարձել է մի հիվանդություն, որով տառապում է ողջ ռուս հանրությունը: Անգամ մեր պետական գերատեսչություններն են այսօր վարակված այլատյացության ախտով: Ամեն անգամ հիշատակելով հանցագործի ազգությունը, երբ մենք բոլորս, պատկերավոր ասած, նստած ենք ռումբի վրա` անպատասխանատու եւ անգամ հանցագործ պահվածք է նշանակում», - համոզված է իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG