Մատչելիության հղումներ

logo-print

Շիրակի մարզում չեն ստանա ցորենի ակնկալված բերքը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Գյումրու սելեկցիոն կայան»` 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Վարչապետը եղավ կայանի սերմնափորձարկման դաշտերում, որտեղ 27 նոր տեսակի ցորենի սերմնացու էր փորձարկվել, եւ ստացված բերքի ցուցանիշը բավականին բարձր էր:

Միաժամանակ Շիրակի մարզում կան գյուղեր, որտեղ ցորենի բերքատվությունը շատ ցածր է: Խոսքը հատկապես անջրդի հողատարածքներ ունեցող գյուղերի մասին է, որոնք մարզում շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան ջրովի հողատարածքներով գյուղերը:

«Մոլախոտն է ավելի շատ, քան ցորենը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը` շարունակելով. - «Ես առնվազն 50 ցենտներ պիտի ստանայի, հիմա կստանամ 8-10: Այդ էլիտար սերմ վերցնողը մեկ հեկտարից պետք է ստանար 40 ցենտներ, 15 ցենտներ էլ չի ստացել: Ո՞րը տա պետությանը, ո՞րը մնա իրեն, որ հաջորդ տարի ինքը ցանի: 2-3 հատ անասուն ստիպված պիտի մորթի վաճառի, որ պետության պարտքը փակի»:

Գյուղացիներից շատերը օգտվել էին առաջին վերարտադրության սերմնացու կառավարության ծրագրից` մեկ կիլոգրամի դիմաց երկու կիլոգրամ վերադարձնելու պայմանով, եւ հիմա կանգնած են խնդրի առաջ: Գյուղացին հույս ունի, որ կառավարությունը կմեղմացնի վերադարձի պայմանները:

Գյումրու սելեկցիոն կայանում վարչապետի անցկացրած փակ խորհրդակցությունում քննարկվել էր նաեւ այդ հարցը:

Խորհրդակցությունից հետո Գյուղատնտեսության փոխնարար Սամվել Գալստյանը հայտարարեց, որ պայմանների փոփոխություն չի լինի. - «Ծրագիրը մնում է իրականության մեջ: Կառավարության կողմից սահմանված է գին, որը, մեծարգո վարչապետը հայտարարեց, որ փոփոխություններ տեղի չեն ունենա` կապված այսօր հանրապետությունում մթերվող ցորենի գնի հետ»:

Այս տարվա բերքով հնարավոր է ապահովել Հայաստանի պարենային ցորենի պահանջարկի 30-35 տոկոսը. մնացածը ներկրվելու է:

Հարցին, թե արդյոք դժվար չի լինի ապահովել ներկրումը` հաշվի առնելով, որ, օրինակ, Ռուսաստանում հացահատիկի լավ բերք չի ստացվել, փոխնախարարը պատասխանեց. - «Ամեն տարի ներկրող կազմակերպությունները` դրանք մասնավոր ընկերություններ են, կարողացել են Ուկրաինայից, Բելառուսիայից, Ռուսաստանից ներկրման աշխատանքները կազմակերպել: Մեր բանակցությունները շարունակվում են, ներկրման գործընթացում խաթարումներ չեն տեղի ունենա: Եվ լավ է, որ մեր հանրապետությունում համախառն բերքը նախորդ տարվանից պակաս չի լինի` ի տարբերություն հաց արտադրող շատ ու շատ հզոր երկրների: Անցյալ տարի 223-224 հազար տոննա էր ցորենը, այս տարի` 235 հազարի սահմաններում` ի հաշիվ աշնանը կատարված 17 հազար հավելյալ ցանքերի»:

Շիրակի մարզում եւս սպասում էին, որ ցորենի լավ բերք կապահովվի, քանի որ ցանքատարածություններն ավելացել էին: Սակայն բերքը կլինի նախորդ տարվա մակարդակին:

«Չնայած որ մենք ունենք 3 հազար հեկտար ավելի տարածք [նախորդ տարվա համեմատ], գրեթե բերքը կմոտենա նախորդ տարվա միջինին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

XS
SM
MD
LG