Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան-Հալեպ-Երեւան այսօրվա չվերթը չեղյալ է հայտարարվել


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Արմավիա» ընկերությունից, չեղյալ է հայտարարել օգոստոսի 1-ի Երեւան - Հալեպ - Երեւան չվերթը` ուղեւորների բացակայության պատճառով:

«Արմավիա»-ն տեղեկացնում է, որ հաջորդ օրերի համար չվերթն ուժ մեջ է:

Երեկ երեկոյան, հիշեցնենք, ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից լրացուցիչ չվերթ կիրականացնի նշված ուղղությամբ:

Մեր տեղեկություններով, լրացուցիչ չվերթների տոմսերի գինը չի նվազի, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունը առայժմ չի արձագանքել «Արմավիա»-ի առաջարկին, եւ ընկերությունը լրացուցիչ չվերթներն իրականացնելու է սեփական միջոցներով։

Հալեպից Երեւան այս գիշեր ինքնաթիռով հասած սիրիահայերը նշում են, որ Հալեպում դեպի օդանավակայան տանող ճանապարհը վտանգավոր է: Ապստամբները որոշ հատվածներում վերահսկում են ճանապարհը, ու մարդիկ այդ ճանապարհը անցնում են «կյանքի գնով»` մոտ քսան անգամ թանկ վճարելով տաքսու վարորդներին:

Սուսան Տարակչյանն «Ազատություն» ռադիոկայանին պատմում է Հալեպի իրավիճակի մասին: Սուսանը Հալեպում ապրում է արդեն 30 տարի: Ամուսինն ու որդին մնացել են այնտեղ:

«Եթե առաջ օդանավակայան էինք գալիս` 6 դոլար էր, հիմա 150 դոլար է», - ասաց նա:

Սուսան Տարակչյանի խոսքով, կրակոցներն ու պայթյունները հայկական թաղամասերում ոչ միայն լսելի են, այլեւ այնքան ուժգին են, որ տները եւս ցնցվում են պայթյուններից:

«Հալեպում մեկ շաբաթ արդեն հաց չկա», - շարունակում է նա:

Ինչպես Սուսան Տարակչյանն, այնպես էլ նույն ինքնաթիռով Հայաստան եկած հալեպաբնակ բժիշկ Մովսես Հայրապետյան ասում են, որ Հալեպում արդեն մոտ երկու շաբաթ չեն գործում պետական կառույցները, անգամ պետական հիվանդանոցները, հաց չկա, վառելիք չկա:

Մովսես Հայրապետյանի խոսքով, պատերազմական գործողությունները շատ մոտ են հայաբնակ թաղամասերին. - «Հինգ կիլոմետր ընդամենը»: Հայրապետյանը հավելեց, որ Հալեպում պետական հիվանդանոցները փակ են արդեն գրեթե երկու շաբաթ:

Ի տարբերություն Սուսան Տարակչյանի ու Մովսես Հայրապետյանի, մնացած սիրիահայերը հիմնականում զգուշավոր են խոսում:

Անդրանիկ Քուշուջյանը թեեւ զգուշավորությամբ, բայց ասում է, որ Հալեպի օդանավակայան են հասել ոչ հիմնական` զարտուղի ճանապարհներով: Նա շեշտում է, որ Սիրիայի հայկական համայնքը Բաշար ալ-Ասադի հետ է:

Հայաստանում հաստատված սիրիահայերը հայրենակիցների փոխարեն բացատրում են նրանց զգուշավորության պատճառները:

«Վախենում են: Պետությունից վախենում են: Շատ ուժեղ պետություն է, դրանից վախենում են: Բայց որ Բաշար Ասադը չլինի, հայերը շատ վատ վիճակում կլինեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի սիրիահայ:
XS
SM
MD
LG