Մատչելիության հղումներ

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները բողոքում են


Վահե Ավետյանի հիշատակին մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ.

Վահե Ավետյանի հիշատակին մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ.

Ոստիկանությունը խոչընդոտում է Վահե Ավետյանի իրավահաջորդ` նրա հայր Գառնիկ Ավետյանի փաստաբանների աշխատանքը` մինչ օրս նրանց չտրամադրելով քրեական գործի նյութերը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Գառնիկ Ավետյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հիշեցնելով, որ քրեական գործը հարուցվել է մոտ մեկեւկես ամիս առաջ, նա ընդգծեց, որ նյութերն իրենց չտրամադրելով` Ոստիկանությունը ոտնահարում է օրենքը:

Ազգային ժողովի hանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

«Ամսի [հուլիսի] 25-ին մենք ներկայացրեցինք միջնորդություն` գործի նյութերին ծանոթանալու եւ պատճենները տրամադրելու մասին։ Այդ միջնորդությանը ծանոթացավ քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանը` աշխատասենյակում իր, եւ մեզ հայտնեց` ինձ, Լուսինե Հակոբյանին եւ Գառնիկ Ավետյանին, որ «վաղը», այսինքն` ամսի 26-ին, ժամը 2-ին, «կարող եք զանգահարել, գալ, ստանալ պատճենները եւ ծանոթանալ բոլոր այն նյութերին, որոնց պատճենները ստանալու իրավունք քրեական դատավարությունը չի նախատեսում», - փոխանցեց փաստաբանը։

«Ողջ [հուլիսի] 26-ին [Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության քննիչ Ռուբեն Մկրտչյանը] չէր պատասխանում իմ հեռախոսազանգերին», - շարունակեց Եգորյանը: - «Ամսի 27-ին նոր ես կարողացա նրա հետ կապվել` հեռախոսով, եւ նա ասաց ինձ, որ այսուհետ բոլոր խոսակցությունները վարելու է գրավոր, եւ խնդրեց պահպանել միայն այդ շփման ռեժիմը եւ հայտնեց, որ մեր ներկայացրած միջնորդությանը նա գրավոր կպատասխանի։ Ես առարկեցի` ասելով, որ «չէ որ դուք արդեն բավարարեցիք էդ միջնորդությունը եւ մեզ ասացիք, որ ներկայանանք` ստանալու համար պատճենները եւ ծանոթանալու համար»։ Նա նորից կրկնեց, որ «ոչ, ես գրավոր կպատասխանեմ»։

«Սա ուղղակի անհավանական հակասություն է վարույթ իրականացնող մարմնի կողմից` իր գործողությունների եւ իր հայտարարությունների, որովհետեւ նա պաշտոնատար անձ է, իր պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում ծանոթանալով մի փաստաթղթի` հայտարարում է իր որոշման մասին, այնուհետեւ, ըստ էության, հրաժարվում է այդ որոշումից», - ընդգծեց փաստաբանը` հավելելով. - «Սա առնվազն անհասկանալի է»։

Փաստաբանը կրկնեց` նյութերը չտրամադրելով Ոստիկանությունը խախտում է օրենքը, մասնավորապես` քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածը․ - «Կոնկրետ 199-րդ հոդվածը սահմանում է 5-օրյա ժամկետ, որից ուշ դիմումներին եւ միջնորդություններին, թե՛ գրավոր, թե՛ բանավոր, վարույթ իրականացնող մարմինը իրավունք չունի պատասխանել։ Նա պետք է այդ ժամկետում պատասխանի։ Նա հենց նույն օրը պատասխանեց մեզ, որ բավարարում է մեր միջնորդությունը, եւ ասաց՝ վաղը կարող եք գալ, սակայն հետո խախտեց իր որոշումը։ Ակնհայտորեն, նախաքննություն իրականացնող մարմինը խոչընդոտում է տուժողի, տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանության նպատակով ներգրավված փաստաբանների աշխատանքը»։

Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր մեզ փոխանցեցին, թե Գառնիկ Ավետյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանին եւ Լուսինե Հակոբյանին Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից հուլիսի 27-ին ուղարկել են գրություն, որպեսզի այսօր` օգոստոսի 1-ին, փաստաբանները գան ու ծանոթանան քրեական գործի նյութերին:

Մենք դարձյալ կապվեցինք փաստաբանների հետ, եւ Տիգրան Եգորյանը փոխանցեց, թե իրենք որեւէ գրություն չեն ստացել, եւ այդ կապակցությամբ բողոքի դիմում են ներկայացնելու Գլխավոր դատախազություն:

Եգորյանը նշում է, որ իրենք միտում են տեսնում Ոստիկանության գործողություններում, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները փորձում են խնդիրներ հարուցել Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների համար: Ըստ Տիգրան Եգորյանի, Ոստիկանությունը անհիմն ձգձգում էր Վահե Ավետյանի հորը` Գառնիկ Ավետյանին, իրավահաջորդ ճանաչելու հարցը: «Հարսնաքար» ռեստորանում դեպքը, ինչպես նշվեց, տեղի է ունեցել հունիսի 17-ին, նույն օրն էլ հարուցվել է քրեական գործը: Մինչդեռ, Գառնիկ Ավետյանը իրավահաջորդ է ճանաչվել ավելի քան մեկ ամիս անց` հուլիսի 25-ին, փաստաբանների բազմաթիվ բողոքներից հետո:

«Ըստ երեւույթին որեւէ մտավախություն ունեն, գործի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որոնք կարող է բարդանան փաստաբանների ներգրավելուց՝ իրենց կարծիքով», - ասում է Եգորյանը։

XS
SM
MD
LG