Մատչելիության հղումներ

Օբաման Էրդողանի հետ զրուցել է... մականը ձեռքին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսով զրուցում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, Վաշինգտոն, 30-ը հուլիսի, 2012թ., լուսանկարը` Սպիտակ տան

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսով զրուցում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, Վաշինգտոն, 30-ը հուլիսի, 2012թ., լուսանկարը` Սպիտակ տան

Երեքշաբթի օրը թղթակիցները մի քանի հարց են ուղղել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիին` կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հուլիսի 30-ի հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային պատկերող լուսանկարի հետ։

Լուսանկարում, որը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում, իր գրասեղանի մոտ հեռախոսով զրուցող Օբամայի ձեռքում երեւում է բեյսբոլի մականը։

Լրագրողները հետաքրքրվել են, մասնավորապես, թե արդյո՞ք Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահի ձեռքին մականի առկայությունը վկայում է ինչ-որ ենթատեքստի մասին` կապված արտաքին քաղաքական մոտեցումների հետ։

Ի պատասխան` Ջեյ Քարնին հիշեցրել է, որ Բարաք Օբաման բեյսբոլի մեծ սիրահար է։

Տվյալ թեմայով հարցուպատասխանը ճեպազրույցի ժամանակ ուղեկցվել է կատակներով ու ծիծաղով։

Ճեպազրույցի` Սպիտակ տան կայքէջում տեղադրված սղագրությունում նշված է նաեւ, որ խնդրո առարկա մականը ԱՄՆ-ի նախագահին է նվիրել բեյսբոլիստ Հենք Աարոնը` ինքնագրով։

Թեմային այսօր անդրադարձել է թուրքական մամուլը։

Սպիտակ տան` ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, հիշյալ հեռախոսազրույցում Օբաման եւ Էրդողանը քննարկել են սիրիական խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG