Մատչելիության հղումներ

«Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունը: Այնուամենայնիվ, կան օրենքներ, որոնք որոշակի խմբերի համար կրոնական ազատության սահմանափակումներ են ստեղծում», - արձանագրել են «Կրոնական ազատության մասին» Պետդեպարտամենտի 2011 թվականի զեկույցի հեղինակները։

«Հայաստանի բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են։ Իսկ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը մեծապես բացասական է», - կարդում ենք փաստաթղթում։

Զեկույցի հեղինակները, այնուամենայնիվ, եզրակացրել են, թե այս վերաբերմունքն անձնական կամ բարիդրացիական հարաբերությունների վրա չի ազդում, բայց ընդհանուր առմամբ «կրոնական փոքրամասնություն ներկայացնող խմբերը ընկալվում են իբրեւ պետությանը սպառնացող վտանգ»։

Բացասական այս վերաբերմունքը նաեւ լրատվամիջոցներում է զգալի։ Զեկույցի հեղինակները նշել են, որ լրատվամիջոցներում Հայ առաքելական եկեղեցու հասցեին նույնպես մեղադրանքներ են հնչել։

«168 ժամ» թերթի հրապարակմանն է հղում կատարվել, որում Հայ առաքելական եկեղեցին մեղադրվել է օլիգարխների հետ սերտ հարաբերություններ ունենալու համար։ Թերթը, մասնավորապես, խիստ քննադատության էր ենթարկել Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին՝ թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենա ձեռք բելելու համար։

Կառավարության կողմից կրոնական ազատության չարաշահման դեպքեր են արձանագրվել, որոնք վերաբերել են օրենքի կիրառմանը։

Եհովայի վկաները, օրինակ, հայտարարել են, թե տարվա ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար իրենց 13 անդամներ են դատապարտվել։ 2-ամյա ծառայությունից հրաժարվելու համար նրանցից 8-ին 2.5, մեկին՝ 3 տարվա ազատազրկման են դատապարտել։

ԱՄՆ-ը, ինչպես նշված է զեկույցում, շարունակում է խրախուսել Հայաստանի կառավարությանը այլընտրանքային զինվորական ծառառության մասին նոր` միջազգային չափանիշներին համապատասխան օրենք ընդունել։

Զեկույցում ուշադրության են արժանացել կրոնական փոքրամասնությունների դեմ նախորդ տարվա ընթացքում որոշ պաշտոնյաների արած հայտարարությունները։

Աղանդների վնասակար ազդեցությանը պաշտոնյաներ, իշխանության մաս հանդիսացող տարբեր գործիչներ են անդրադարձել, մեծամասամբ՝ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի ներկայացուցիչներ։

Հղում կատարելով տեղական դիտորդներին` զեկույցի հեղինակները կարծիք են հայտնել, որ քաղաքական գործիչները, ինչպես նաեւ լրատվամիջոցները, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական նպատակներով են շահարկել թեման։

Զեկույցում մեջբերված են Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերը, թե «աղանդները ադրբեջանական կողմից հնչող պատերազմի սպառնալիքներից ավելի վտանգավոր են»:

Սահակյանը Հայ առաքելական եկեղեցուն կոչ է արել ավելի ամուր դառնալ:

Իշխող կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մայիսի 10-ին հայտարարել է, թե Եհովայի վկաները Աստծո խոսքը ոչ միայն բիզնեսի են վերածել, այլեւ Հայաստանի դեմ ապակառուցողական քաղաքականություն են վարում։

ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը «Ոչ աղանդներին» թեմայով կազմակերպված մի քննարկման ժամանակ ասել է, թե երիտասարդությունը պետք է կանգնի եկեղեցու կողքին եւ պայքար մղի աղանդների չարիքի դեմ։

Զեկույցում հիշատակվում է նաեւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի քայքայիչ աղանդների դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ։ Նրա խոսքով, այդ աղանդները Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգն են:

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը հստակորեն չի սահմանում հասարակական կազմակերպությունների գրանցման կարգը, այնինչ, օրենսդրության համաձայն, միայն գրանցված կազմակերպություններն ունեն օրինական կարգավիճակ։

Ադրբեջանի մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում ասվում է, թե կրոնական կազմակերպությունները շարունակում են հաղորդել, թե իշխանությունը բռնագրավում է կրոնական գրականությունը, ճնշում այլ հավատքի ներկայացուցիչներին։

Սակայն զեկույցը կրոնական հանդուրժողոականության հարցում Ադրբեջանի իշխանությունների կողմից դրական առաջընթաց էլ է արձանագրել։

Զեկույցում կրոնական ազատության չարաշահումների, անհատին իր կրոնական համոզմունքների համար դատապարտելու մասին է խոսվում: Սակայն իբրեւ կրոնի ազատության եւ հանդուրժողականության օրինակ զեկույցում հիշատակվում է՝ լքված հայկական եկեղեցում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հարցում Դիարբեքիրի իշխանությունների պատրաստակամությունը։

Իսկ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների հիմնական մտահոգությունը Թբիլիսում հինգ եւ Ախլցխայում մեկ հայկական եկեղեցիների վերադարձն է մնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG