Մատչելիության հղումներ

logo-print

Երեք ամսում Գյումրիում ընտրողների թիվն աճել է 1600-ով


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Գյումրիում այսօր փակցվեցին ընտրացուցակները։

Հրապարակված ցուցակների համաձայն, Գյումրիում այս պահին կա 126 հազար 438 ընտրող։ Հիշեցնենք՝ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների թիվը 124 հազար 300 էր։

«Տարբերությունը կազմում է 1638 ընտրող, որոնք կհստակեցվեն մինչեւ վերջնական ցուցակները՝ ընտրությունից 3 օր առաջ։ Կարծում եմ, որ նախորդ ընտրությունների նկատմամբ ընտրողների թիվը պահպանվելու է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը։

Նրա խոսքով, ընտրացուցակներում ընտրողների թվի նման աճը հիմնավորված է, քանի որ դրանցում ներառված են այն մահացած քաղաքացիները, որոնք դեռեւս դուրս չեն եկել հաշվառումից, այն քաղաքացիները, ում 18 տարին կլրանա մինչեւ Գյումրիում քաղաքապետի ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 9-ը, զորակոչիկները, որոնք ցուցակներից կարող են հանվել միայն զորակոչի ավարտից հետո, ինչպես նաեւ փախստականները։ Բաղրամյանը վստահ է, որ ընտրացուցակների հետագա հստակեցումների արդյունքում ընտրողների թիվը կկազմի մոտ 125 հազար։

«Ինչ վերաբերում է արտագաղթին՝ շատերն են ասում, որ Գյումրի քաղաքում 125 հազար ընտրող չկա։ Բոլորս էլ գիտենք։ Բայց դա իրավունք չի տալիս լիազոր մարմնին բացակայող քաղաքացուն հաշվառումից դուրս հանել։ Իսկ ո՞վ կարող է ասել, որ ընտրության օրը տվյալ քաղաքացին չի գտնվի Գյումրիում եւ իր ընտրությունը չի ուզում կայացնել», - հավելեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։

Գյումրիի քաղաքապետի թեկնածուների առաջադրումները կսկսվեն օգոստոսի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG