Մատչելիության հղումներ

Պետեկամուտների կոմիտեի նախագահի որոշումը` կասեցնել ստուգումները «Սիվիլիթաս» հիմնադրամում նշանակում են, որ «ՊԵԿ-ի առջեւ շատ դժվար պատվեր է դրված եւ չգիտեն, թե ինչպես առաջ գնալ»: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

«Չեմ պատկերացնում, որ փաստեր գտած լինեն եւ մեզ ոչինչ ասած չլինեն, եւ միաժամանակ, չեն կարող կանգնել եւ ասել՝ վայ, սխալվել ենք», - շարունակեց Ղազարյանը, - «Այս պարագայում իրենք ունեն խնդիր՝ փաստելու խախտումներ, որ արդեն հայտարարվել են, բայց այդ փաստերը դեռ պետք է որոնեն, որովհետեւ դրանք չկան»։

Հիշեցնենք՝ մայիսի վերջին Ազգային անվտանգության ծառայությունում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործ հարուցվեց՝ փողերի լվացման հատկանիշներով։ Գործի նախաքննությունը ԱԱԾ-ում ընթացքի մեջ էր, երբ հունիսի 22-ին Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ սկսեց հիմնադրամում, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին օգոստոսի 3-ին, սակայն օրերս հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ի նախագահի հրամանով հուլիսի 23-ից ստուգումները կասեցվել են 30 աշխատանքային օրով:

Սալբի Ղազարյանը նշեց, թե կասեցնելով ստուգումները՝ ՊԵԿ-ը, ըստ օրենքի, պետք է պատճառաբաներ իր այդ որոշումը, ինչը սակայն չի արվել: Ուստի, ինքը նամակով դիմել է կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին` առաջարկելով նշել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված «Սիվիլիթաս» հիմնադրամում ստուգումների կասեցումը:

«Մեզ հիմքերը չեն տրվել, դրա համար նամակով դիմեցինք, որ ասեն, թե ինչի՞ համար է պետք այդ հավելյալ 30 օրը», - ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենը։

Պետեկամուտների կոմիտեում առայժմ չեն մեկնաբանում Սալբի Ղազարյանի խոսքերը։

«Սիվիլիթասի գործի» հետ առնչություն ունի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ եւ «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանը, ով որպես վկա է անցնում մայիսի 25-ին ԱԱԾ կողմից հարուցված քրեական գործում: Ինչպես հայտնի է, Օսկանյանը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը, սակայն դատարանը մերժեց բավարարել Վարդան Օսկանյանի հայցը: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ նախկին արտգործնախարարը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի այդ որոշումը:

«Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել մեր բողոքում նշված ոչ մի փաստարկին, իսկ նրա բերած պատճառաբանությունները պարզապես բովանդակազուրկ էին։ Ըստ դատարանի, Վարդան Օսկանյանի որեւէ իրավունք չի խախտվել։ Եվ դա պարզապես հայտարարություն է՝ նա չի պատճառաբանում ինչու չի խախտվել եւ այլն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Մենք վիճարկել ենք ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի` քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ խնդրել ենք այն վերացնել», - հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով․ - «Քրեական գործը չի կարող հարուցվել միայն փողերի լվացման հանցակազմի հատկանիշներով, քանի որ փողերի լվացման հանցակազմը պետք է ունենա նախորդող հանցակազմը, որի արդյունքում առաջացել են կեղտոտ փողերը, որոնք պետք է լվացվեն։ Գործը հարուցվել է միայն փողերի լվացման հացակազմով։ Այդպես լինել չի կարող։ Զուտ այս խախտումը բավարար է քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու համար։ Ինչպես նաեւ այն, որ քրեական գործ հարուցելու որոշումը նախաքննության մաս չէ, հետեւաբար, քննչական բաժնի պետը իրավունք չունի քրեական գործ հարուցել»։


Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG