Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան Լոռու մարզի 86 համայնքներում, այդ թվում` Վանաձորում:

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունեն գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը (ՀՀԿ), նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, ում թեկնածությունը պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւ «Պոպոլեքս» փաստաբանական գրասենյակի փաստաբան, անկուսակցական Կարեն Թումանյանը:

Սամվել Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ առաջադրվելու, բայց ավելին ասել չցանկացավ:

Կարեն Թումանյանի համար առաջադրվելու դրդապատճառներից մեկը մարդկանց դժգոհությունն է: «Մարդիկ դժգոհ են ընդհանուր առմամբ: Իրենց նկատմամբ հարգանքն է բացակայում, իրենց արժանապատվությունն է ոտնահարվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Թումանյանն առավելություն է համարում անկուսակցական լինելը: Նրա համոզմամբ` կուսակցական պատկանելությունը էական դեր չունի հատկապես Վանաձորում. - «Ես կարծում եմ, որ առանց կուսակցական լինելու ավելի լավ կաշխատեմ հանուն հարկատուի, հանուն բնակչի»:

Անցած խորհրդարանական ընտրություններում, հիշեցնենք, Վանաձորում (թիվ 30 ընտրատարածքում) պատգամավոր ընտրվեց նույն «Պոպոլեքս» գրասենյակի փաստաբան, անկուսակցական Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե արդյոք դա որեւէ կերպ ազդել է քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման վրա, Թումանյանը պատասխանեց. - «Որ հիմք ընդունենք այն հանգամանքը, որ Էդմոն Մարուքյանն ընտրվել է, հետեւապես նաեւ ես պետք է ընտրվեմ, սա, անկեղծ ասած, միամտություն կլինի: Ես կարծում եմ, նա [խորհրդարանականը] քաղաքական ընտրություն է, իսկ սա քաղաքական ընտրություններ չէ: Սա տեղական, ծառայություն մատուցողի ընտրություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG