Մատչելիության հղումներ

Այսօր Երեւանից Հալեպ մեկնած ինքնաթիռը գրեթե դատարկ էր: «Արմավիա» ընկերության 150 տեղանոց ինքնաթիռով Հալեպ մեկնելու համար «Զվարթնոց» օդանավակայան էր եկել ընդամենը 16-ը:

Հալեպ ուղեւորվող սիրիահայերն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին, որ հարազատ քաղաքում այդքան էլ անվտանգ չէ, բայց չեն կարող չգնալ։

Րաֆֆի Մերջանյանը, ով ընտանիքով մոտ մեկ ամիս Հայաստանում էր, հիմա Հալեպ է մեկնում` պարզելու իրավիճակն ու որոշելու հետագա քայլերը:

«Խոսեցի ծնողներիս հետ՝ ասաց հանդարտ է, լավ է հիմա։ Պիտի տեսնենք․ եթե պրոբլեմ կա՝ ետ պիտի գանք», - ասաց Մերջանյանը։

Ամուսիններ Լեփլեջյանները Հայաստան էին եկել հայկական անձնագրեր ստանալու համար:

«Մեր շրջանը շատ ապահով է։ Մենք Հալեպի Սուլեյմանիի շրջանից ենք», - պատմեցին նրանք։ Հարցին, թե եթե իրավիճակը սրվի, ի՞նչ են մտադիր անել, պատասխանեցին՝ «վերադառնալ Հայաստան՝ հայրենիք»։

Հալեպից հեռու գտնվող Ղամշլիի կաթողիկե եկեղեցու քահանայապետը՝ հայր Անդրանիկը, «Ազատություն» ռադիկոկայանի հետ զրույցում ասաց, թե Հալեպում այս օրերին սպասման ու վախի մթնոլորտ է։

«Որովհետեւ մեր քաղաքացիները 40-50 տարի երբեք չեն լսել մի փամփուշտի ձայն իրենց քաղաքում։ Այս երկիրը միշտ խաղաղության, ապահովության երկիր է եղել։ Դրա համար մեր ժողովուրդը ուղղակի զարմանում է, թե ինչ է եղել մեր երկրում», - նշեց նա։

Հայրն Անդրանիկն ասում է, որ կառավարության դեմ կռվող ուժերի 90 տոկոսը այլ երկրներից է, մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երբեք չի զիջի իր դիրքերը, նրան սիրում են սիրիացիները, այդ թվում եւ սիրիահայերը, ասում է Հայր Անդրանիկը:

XS
SM
MD
LG