Մատչելիության հղումներ

Երեկ հայտնի դարձավ հուլիսի 24-ին մեկնարկած «Նոր ալիք 2012» երգի մրցույթի հաղթողի անունը: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիլուն:

Նիլուի իսկական անունը Նիլուֆար Ռասուլմուխամեդովա է: Երգչուհին հայտնի է ավելի շատ ուկրաինական լսարանին «Գոլոս Ուկրաինի 2» երաժշտական հեռուստաշոու-մրցույթի շնորհիվ: Նիլուն արժանացավ 50 հազար եվրո դրամական մրցանակին:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիայի ներկայացուցիչ Կոնստանցո Դել Պինտոն: Նրա մրցանակը 30 հազարը եվրո էր:

Ուկրաինացի երգչուհի Մարիա Յարեմչուկի մրցանակը երրորդ տեղի համար կազմեց 20 հազար եվրո: Բացի այդ, Մարիան արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացված «Նոր ալիք 2012» երգի մրցույթի 16 մասնակիցների ցուցակում էր Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը, վերջինս մրցութային երկու օրերի ընթացքում ութերորդ հորիզոնականում էր: Սուրենը կատարեց երեք երգ` Էրիկ Կլեպտոնի Change The World, Անդրեի «Իմ սերը քեզ» ու Next to you երգերը:

Այս տարի առաջին անգամ ժյուրին որոշեց երրորդ մրցութային օրվա արդյունքները հայտարարել վերջում` լարվածությունն ու հետաքրքրությունը մինչեւ վերջ պահելու նպատակով:

Մեզ հետ հեռախոսազրույցում «Նոր ալիք 2011»-ին Հայաստանը ներկայացնող երգիչ Էրիկն ասաց, որ իր կարծիքով մրցանակային տեղեր զբաղեցրած երգիչները արժանի էին հաղթանակի: Իսկ առաջին տեղը զբաղեցրած Նիլուն նույնիսկ Էրիկի ֆավորիտների մեջ էր: Էրիկը հավելեց, որ մեր մասնակիցը գուցե ավելի լավ ելույթ ունենար, եթե չլինեին երգերի ընտրության հետ կապված անսպասելի փոփոխությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG