Մատչելիության հղումներ

Նախագահը դիտել է հայաստանցիների մրցելույթները Օլիմպիադայում


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դիտել է Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները:

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հայաստանի նախագահը նույն օրը հյուրընկալվել է նաեւ խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայաստանցի մարզիկների պատվին Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը շաբաթ երեկոյան մասնակցել է Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը։

Ընդունելության ժամանակ նախագահը, մասնավորապես, ասել է. - «Հայրենիք - Սփյուռք գործակցությունն այսօր նոր ձեւ ու բովանդակություն է ստացել, դարձել է Հայաստանի Հանրապետության կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկը: Սփյուռքի ներկայությունը առկա է բոլոր բնագավառներում: Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները տասը միլիոն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի պտուղ են»:

«Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում: Այն պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է մեխանիզմներ, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից անդին՝ դեպի փոխադարձ շահութաբեր գործընկերություն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղեր ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Վերջիվերջո, հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի», - ընդգծել է Հայաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG