Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 28-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Ֆեյսբուքում» բացված նոր խումբը, որի կարգախոսն է՝ «Սիրիահայ ընտանիքների հյուրընկալում», հայտնում էր, որ «խումբը նպատակ ունի հավաքագրելու կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն ընդունել Հայաստան եկած այն սիրիահայ ընտանիքներին, որոնք սկզբնական շրջանում դժվարություններ ունեն տուն գտնելու»: Այս մարդասիրական նախաձեռնությունը լավ կյանքից չէ. օրեր շարունակ մենք հետեւում ենք, թե ինչ անտարբերություն է դրսեւորում Հայաստանի իշխանությունը սիրիահայ համայնքի խնդիրների նկատմամբ: Ինչպես են լուռ սպասում, որ ամեն ինչ ինքնիրեն կկարգավորվի եւ միջազգային հանրության ջանքերով կոնֆլիկտը կմարի՝ այնպես, որ հայ գաղթականների նոր հոսք չի լինի դեպի հայրենիք: Իսկ եթե լինի էլ, ապա հույս ունեն, որ դա չի ուղղվի դեպի Հայաստան: Տարբեր պետական պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ չեն էլ թաքցնում իրենց վերաբերմունքը՝ ասելով. աշխարհը մեծ է, Հայաստանում ի՞նչ են կորցրել, որ գան, կգնան բարեկեցիկ եվրոպական կամ ամերիկյան երկրներ:Իսկ հասարակ մարդիկ, ովքեր բազում-բազմաթիվ հոգսեր ունեն, ի՞նչ կարող են առաջարկել նրանց, եթե ոչ տանիք եւ սնունդ: Առավել շոշափելի օգնություն պետք է ցուցաբերի պետությունը՝ իր կառույցներով, բյուջեով ու պետական պաշտոնյաներով»:

Սիրահայության խնդիրներին է անդրադառնում նաեւ «Առավոտ»-ը: Թերթի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասում է. - «Շուրջ 1,5 տարի տեւող պատերազմը վաղուց պետք է հուշեր մեր իշխանություններին, որ սիրիահայությունը ի վերջո կանգնելու է նման խնդրի առջեւ, եւ պետք էր այդ ընթացքում համալիր ծրագիր մշակել՝ թե ի՞նչ կարգի աջակցություն կարող ենք ցուցաբերել՝ իբրեւ մայր-հայրենիք: Թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր ժողովրդի մի մեծագույն հատված կարողացավ ապաստան գտնել սիրիական հյուրընկալ հողում, ամեն ինչ արվեց, որ հայերը կարողանան հաստատվել եւ իրենց լիարժեք քաղաքացի զգալ: Իմ համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների այսօրվա կատարած քայլերը շատ փոքր են եւ չեն արտահայտում հայ ժողովրդի զգայական մոտեցումը դեպի Սիրիան, սիրիահայությունը, Սիրիայի ժողովուրդը»:

«Ժամանակ» թերթին տված հարցազրույցում, գնահատելով ներքաղաքական վերջին խմորումները, Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը նկատում է. - «Ցայսօր էլ գործում է Քոչարյան-Սարգսյան տանդեմը, եւ այսօր այդ տանդեմին ձեռնտու է, որ Ծառուկյանին ներկայացնեն որպես ընդդիմադիր գործիչ` այդպիսով փոշիացնելով իրական ընդդիմադիր զանգվածի ձայներն ու գործողություններ նախաձեռնելու հնարավորությունները: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, գուցե, մտածում է, թե լուրջ առճակատումներ կան ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Սրան անձամբ ես չեմ հավատում, որովհետեւ եթե լուրջ առճակատումներ կան, ապա ինչպե՞ս է պատահում, որ Սամվել Բալասանյանին նույն ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետ է դարձնում: Կամ ինչպե՞ս է պատահում, որ Սպորտի եւ երիտասարդության նախարարը ԲՀԿ-ից է: Կամ ինչպե՞ս է, որ Գագիկ Ծառուկյանը Օլիմպիական կոմիտեի նախագահն է: 1998-ին, երբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին, Օլիմպիական կոմիտեի նախագահն այդ ժամանակ մեր կուսակից Ալեքսան Ավետիսյանն էր: Հաշված օրերի ընթացքում Ալեքսան Ավետիսյանին հեռացրին այդ պաշտոնից: Այդ ինչպես է լինում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է պաշտոնավարել: Բայց չէ՞ որ Հայաստանում ցանկացած մեկին կարող են հաշված օրերի ընթացքում ոչնչացնել, եթե պետք է լինում: Մանավանդ, որ Գագիկ Ծառուկյանն այնքան խոցելի է իրականում»:

«Ազգ»-ը ներկայացնում է լոնդոնյան Օլիմպիադայում հայ մարզիկների ելույթների առաջիկա օրերի ժամանակցույցը. այսպես, հուլիսի 29-ին պայքարի մեջ կներգրավվեն ձյուդոյիստ Արմեն Նազարյանն ու լողորդուհի Անահիտ Բարսեղյանը, որը կմասնակցի 100 մետր թիկնալողի մրցումներին: Մեր մյուս լողորդըՙ Միքայել Քոլոյանը մեկնարկի դուրս կգա հուլիսի 31-ին: Նա կմասնակցի 100 մետր ազատ լողաոճի մրցումներին: Այդ օրը կկայանան նաեւ մինչեւ 69 կգ ծանրորդների մրցումները: Մեր ծանրորդներից առաջինը մրցասպարեզ դուրս կգա Առաքել Միրզոյանը: Օգոստոսի 1-ին հայ մարզասերները հնարավորություն կունենան հետեւելու Մելինե Դալուզյանի (69 կգ) ելույթին: Օգոստոսի 3-ին էլ մրցահարթակ դուրս կգա մեր մյուս ծանրորդ Արա Խաչատրյանը (85 կգ): Այդ օրը մեկնարկի դուրս կգան նաեւ հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանն ու Արսեն Սարգսյանը:
Օգոստոսի 4-ին օլիմպիական խաղերում իր նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին՝ Նորայրը, որը կմասնակցի մինչեւ 94 կգ ծանրորդների մրցավեճին: Հաջորդ օրը Նորայր Բախտամյանը կփորձի մեդալ նվաճել ատրճանակով 50 մետր մրցատարածությունում: Պայքարի մեջ կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) եւ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը (գերծանր քաշ): Օգոստոսի 6-ին մրցագորգ դուրս կգա Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը: Հաջորդ օրը մրցավեճի կբռնվեն ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանն (66 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Օգոստոսի 8-ին Մելիք Ջանոյանը կմասնակցի նիզականետման մրցումներին, իսկ հաջորդ օրը նույն մրցումներում հանդես կգա Քրիստինե Հարությունյանը: Օգոստոսի 10-ին ասպարեզ դուրս կգան թհեքվոնդոյիստ Արման Երեմյանն (80 կգ) ու ըմբիշ Միհրան Ջաբուրյանը (55 կգ): Հաջորդ օրը պայքարի մեջ կմտնի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմոհամեդովը (84 կգ): Մրցումների վերջին օրը՝ օգոստոսի 12-ին մրցասպարեզ դուրս կգա 66 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG