Մատչելիության հղումներ

Մայրատունն օգնում է բռնության ենթարկված կանանց


Մայրատան տնօրեն Նարինե Մուրադյանը:
Մայրատան տնօրեն Նարինե Մուրադյանը:
14 տարեկան աղջնակին բռնաբարել էր խորթ հայրը: Հիմա նա հղի է, մեկ ամսից կծննդաբերի: Տեսագրիչն ու ձայնագիչը տեսնելիս միանգամից լալիս է ու հրաժարվում խոսել:

Նա հիմա մայրատանն է. սա նոր երեւույթ է մեր հասարակության համար: Վայր, որտեղ ժամանակավոր ապաստարան են գտնում այն կանայք, աղջիկները, որոնց կյանքի այդ փուլում արժանացել են իրենց մերձավորների դաժան վերաբերմունքին, հալածանքին, բռնություններին ու արդյունքում հղի կամ արդեն ծննդաբերած փոքրիկներով հայտվել են փողոցում:

Շուրջ մեկ տարի առաջ բացված «Լայթհաուզ» մայրատան տնօրեն Նաիրա Մուրադյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դեպքերը շատ են. արդեն 35 հոգու ապաստան են տվել, ու նրանցից մեկն էլ հենց այս 14-ամյա աղջիկն է, ում անունը պարզ պատճառներով չենք հրապարակում:

Իրավապահ մարմիններն արդեն ձերբակալ են խորթ հորը եւ քրեական գործ հարուցել: Թեպետ այս աղջնակի պատմությունն ամենասահմռկեցուցիչն է, այնուամեանիվ, քիչ չեն նաեւ այլ դեպքերը, երբ աղջիկները պարզապես փախել են տնից` այլեւս չդիմանալով բռնություններին: Լիլիան, օրինակ, պատմեց, որ իր ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ ինքը ամուսնու ընտանիքի «գերին է դարձել»:

«Բռնության եմ ենթարկվել սկեսուրիս կողմից, ամուսնուց կողմից: Ամուսինս ամեն կերպ ինձ հալածել է», - ասաց նա:

Մի քանի օր առաջ ամուսինը եկել էր Լիլիային տանելու, սակայն նա դեռ չի պատրաստվում վերադառնալ. ասում է` վերքերը դեռ թարմ են:

Մայրատուն բացելու նախաձեռնությունը ամերիկահայ Սեդա ու Զոհրաբ Ղազարյաններին է: Տիկին Սեդան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ, տեսնելով, թե ինչքան ճնշված են կանայք Հայաստանում, որոշեցին հիմնել այս տունը:

Մայրատունը, միայն ապասատարան չէ այս աղջիկների համար: Հոգեբանական աջակցություն ստանալուց զատ նրանք նաեւ մասնագիտություն են ձեռք բերում, օրինակ` կարուձեւ, մատնահարդարում, որպեսզի հետագայում կարողանամ աշխատանք գտնել, իրենց կյանքը կառուցել:

Մինչեւ երկու տարի մայր ու երեխա կարող են ապրել, կրթվել մայրատանը եւ սովորել:

Դեպքերի մի զգալի մասը սոցիալական վատ վիճակի հետևաք է, երբ ամուսինը չի կարողանում ընտանիք պահել, վաճառում է տունը, եւ կնոջն ու երեխաներին թողնելով անօթեւան, պարզապես չքվում է: Օրինակ, Մարիամը, ով 10 օր է, ինչ իր երկու բալիկներով այս հաստատությունում է, մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչպես ամուսինը փախավ. - «Հիմա ինքը տեղյակ է: Երեկվանից տիկին Նաիրան զանգել է, տեղյակ է պահել, որ երեխան հիվանդ է: Չի զանգահարել»:

Մեր այցի ժամանակ սենյակները լեփ-լեցուն էին: Թեեւ սա բաց ապաստարան է, այնուամենայնիվ, անվտանգության բոլոր նորմերը պահված են: Շատերը չցանկացան զրուցել. վախենում էին, որ ամուսիները, սկեսուրները կարող են գտնել իրենց եւ վրեժխնդիր լինել:

Այս տխուր պատմությունները երբեմն նաեւ հաջող վերջաբան են ունենում: 5 օրինակ նշվեց, երբ ամուսինը եկել է, ներողություն է խնդրել է, եւ ընտանիքը վերականգնվել է:

Օրինակ` Արմինեն, որ իր երկու փոքրկրենով 4 ամիս է արդեն այստեղ է , պատրաստվում է ներել ամուսնուն` մոռանալով անգամ այն, որ վերջինս պատրաստվում էր իրեն զրկել մայրական իրավունքից. - «Ուզում եմ միանալ: Այդքանից հետո ես ուզում եմ միանալ: Հանուն երեխաների»:

please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG