Մատչելիության հղումներ

logo-print
Սիրիահայերի խնդրին է անդրադարձել Պարսից ծոցի հեղինակավոր անգլալեզու պարբերականը` «Գալֆ նյուզը»:

Սիրիայի Հալեպ քաղաքից երեխաների հետ Բեյրութ փախած հայազգի Լիան «Գալֆ նյուզի» հետ հարցազրույցում պատմում է. - «Շաբինան եկավ ու ծեծի ենթարկեց խանութները փակած գործարարներին»:

Տեղացիները «շաբինա» են ասում իշխանությանը աջակցող զինյալ խմբերին, որոնք աչքի են ընկնում իրենց դաժանությամբ:

«Ոմանք այնքան ուժեղ են ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել են հիվանդանոց», - պատմել է Լիան:

Հոդվածագիր Հովսեփ Ջոզեֆ Քեչիչյանը գրում է, որ Սիրիայի խոշոր քաղաքների վրա հարձակումների արդյունքում հազարավոր մարդիկ հեռանում են Սիրիայից: Սիրիահայերը եւս հեռացողների թվում են. ովքեր կարողանում են` մեկնում են Հայաստան, բայց մեծ մասամբ հեռանում են Լիբանան՝ ազգականների մոտ սպասելով Սիրիայում իրավիճակի նորմալացմանը:

«Մենք հավատարիմ ենք երկրին, եւ անհամբեր եմ տուն վերադառնալու համար», - ասել է Լիան:

Նա Սիրիայում բնակվող բազմաթիվ փոքրամասնությունների ներկայացուցիչներից է, որոնց կարծիքով` ռեժիմի փլուզումը բացասական ազդեցություն կունենա իրենց համայնքների վրա: Շատերը մինչեւ հիմա հավատում են, որ ռեժիմը պաշտպանում է իրենց, գրում է հրապարակախոսը:

«Ազատություն» ռադիոկայանը այսօր կապ է հաստատել Լիբանանի նախկին պատգամավոր, Հնչակյան կուսակցության անդամ Եղիկ Ջերեջյանի ու Դաշնակցության «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանի հետ: Երկուսն էլ ասացին, որ Սիրիայից Լիբանան տեղափոխվածների մեջ հայ ընտանիքներ կան, բնական է, մարդիկ ցանկում են հեռանալ վտանգավոր վայրից, բայց երկուսն էլ նշեցին, որ սիրիահայերի զանգվածային հոսք չկա:

Քանդահարյանն ասաց, որ այսօր զանգահարել է Հալեպ. հայերի շրջանում տուժածներ, զոհեր կամ շինությունների ավերածություններ չկան, բայց նրան ասել են, որ իրավիճակը ընդհանուր առմամբ ճնշող է:

Լիբանան տեղափոխված սիրիահայերը ապաստանում են ազգականների մոտ: Քանդահարյանը եւ Ջերեջյանը նաեւ նշեցին, որ եթե սիրիահայերի հոսքը ավելանա, ապա Լիբանանի հայ համայնքի, իրենց կուսակցությունների տրամադրության տակ գտնվող հանրային հաստատությունները կտրամադրվեն սիրիահայերին: Երեկ Հնչակյան կուսակցության տեղական ժողովում այս հարցն արդեն քննարկվել է:

Սիրիայում իրավիճակը չի հանդարտվում

Միջազգային գործակալությունները հաղորդում են, որ կառավարական զորքերը Հալեպում ավելի են ուժեղացրել ռմբակոծությունները: «Ասոշիեյթեդ Փրեսը» հաղորդում է, որ մարտական ուղղաթիռները, օդանավերն ու արդեն նաեւ հրետանին ռմբակոծում են Հալեպի մի քանի շրջանները: Ընդդիմադիրները հաղորդում են, որ չորեքշաբթի օրը Հալեպում 26 մարդ է զոհվել, այդ թվում` երեխաներ: Ապստամբները վախենում են, որ իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ կառավարական զորքերը համալրում են ստանում։

Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, թե Հալեպում ծանր զենք օգտագործելը ցույց է տալիս, թե «որքան խորն է Բաշար ալ-Ասադի ռեժիմի անբարոյականությունը»: Սպիտակ տան մամուլի խոսնակն ասել է, թե սիրիական զորքերը սարսափելի բռնություններ են գործադրել քաղաքի բնակիչների դեմ:

Սիրիայի իրադրություններում նոր գործոն է ի հայտ գալիս. քուրդ ապստամբները եւ Սիրիայի ժողովրդավարական միացյալ կուսակցությունը Թուրքիայի սահմանին մոտ գտնվող 5 քաղաքներ վերցրել են իրենց վերահսկողության տակ: Թուրքիան մտահոգված է, որ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ձեւավորումը կարող է վարակիչ լինել Թուրքիայի հարավ-արեւելքի քուրդ ապստամբների համար, որոնք Թուրքիայի իշխանությունների դեմ պայքարում են հանուն ինքնիշխանության:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր ասել է, թե Թուրքիայի ռազմական ուժերը եւ իշխանությունները շատ ուշադիր հետեւում են իրավիճակին: Նա հայտնել է, որ եկող շաբաթվա մեջ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպելու է Իրաքի քրդական շրջանի վարչակազմին` փոխանցելու Թուրքիայի մտահոգությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG