Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիահայերի խնդիրը «կառավարության ուշադրության կենտրոնում է»


Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյան

Ազգային ժողովի իշխող հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ասում է, որ Հայաստանի իշխանությունները զգոն են եւ անում են հնարավորը Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին աջակցելու համար:

Ընդգծելով, որ ձեռնարկվող բոլոր քայլերը չէ, որ բարձրաձայնվում են կամ պետք է բարձրաձայնվեն, Սահակյանը կարծիք հայտնեց, որ սիրիահայերի խնդիրն այսօր կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Իրենք՝ սիրիահայերն են որոշում, թե որ երկիր գնան ապրելու: Իհարկե, մենք պատրաստ ենք, բաց ենք մեր հայերին ընդունելու եւ օգնելու համար, կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է, եւ կարծում եմ՝ այսուհետ ավելի օպերատիվ քայլեր կձեռնարկի», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը:

Սիրիայում ստեղծված իրավիճակն այսօր արդեն երկրորդ անգամ կառավարության նիստի քննարկման առանցքում էր սիրիահայերի` Հայաստան տեղափոխվելու գործընթացը հեշտացնելու նպատակո: Արդեն շրջանառության մեջ է դրվել այդ երկրում գործող Հայաստանի ներկայացուցչություններում Հայաստանի անձնագիր ստանալու որոշման նախագիծը: Բացի այդ, «Արմավիա» ընկերությունը բանակցություններ է վարում կառավարության եւ Սփյուռքի նախարարության հետ, համապատասխան աջակցության դեպքում չվերթերի թիվը շաբաթական մեկով ավելացնելու եւ տոմսերի սակագները նվազեցնելու նպատակով: Կառավարության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ քննարկումները չեն ավարտվել, եւ դեռ վերջնական որոշում կայացված չէ:

Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը համոզված է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման:

«Նույնիսկ եթե անհրաժեշտություն առաջանա, պետք է պատրաստ լինենք չվերթերն ավելի հաճախակի դարձնել` Սիրիայից Հայաստան տեղափոխվել ցանկացողների մուտքը ապահովելու համար», - ասաց նա:

Սահակյանը եւս կարծում է , որ Հայաստանը չպետք է պետական մակարդակով միջամտի եւ Սիրիայում գտնվող հայերին տարհանելու կազմակերպված քայլեր ձեռնարկի: Իրավիճակը շատ նուրբ է, եւ դա կարող է վտանգել սիրիահայ գաղութը, նշեց նա:

«Այս ժամանակահատվածը վտանգավոր է. եթե մենք պետական մակարդակով փորձենք տարհանել, այս խառը իրավիճակում նաեւ միջազգային հանրության կողմից ընկալումը կարող է այլ կերպ լինել, որ այս խառնաշփոթի մեջ մենք փորձում ենք միջամտել Սիրիայի ներքին գործերին: Միջամտությունը կարող է ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծել սիրիահայերի շրջանում, նույն տեռորիստական ակտերը կարող են հենց մեր հայրենակիցների բնակավայրերում իրականացվել: Շատ նուրբ է իրավիճակը, պետք է շատ զգոն լինենք», - ասաց պատգամավորը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ իրավիճակն այնքան չի սրվի, որ սիրիահայերին զանգվածաբար տարհանելու անհրաժեշտություն առաջանա: Սահակյանը եւս կարծում է, որ սիրիահայ համայնքը որպես կազմակերպված գաղութ պետք է մնա Սիրիայում:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը` իսկ եթե հապաղելու արդյունքում ստեղծվի իրավիճակ, երբ օդանավակայանները փակվեն, եւ այլեւս ցանկացողներն էլ չկարողանան Սիրիայից հեռանալ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ նման դեպքերում կան ցամաքային ուղիներ եւ անհրաժեշտության դեպքում ջանքեր կգործադրվեն ցամաքային ճանապարհով նրանց տարհանումն ապահովելու ուղղությամբ:

Արձագանքելով այն մեկնաբանություններին ու հրապարակումներին, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են պաշտոնական հայտարարություններից ու կոնկրետ քայլեր ձեռնարկելուց` հաշվի առնելով Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին Ռուսաստանի աջակցությունը, իշխող խմբակցության քարտուղարը ընդգծեց, որ այստեղ խնդիրը «որեւէ մեկին նեղացնելուց զգուշանալը չէ»:

«Հայաստանի իշխանությունները ուղղակի մտահոգված են Սիրիայում ապրող հայերի անվտանգությամբ: Անվտանգության առումով կարող են լրջագույն խնդիրներ առաջանալ», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG