Մատչելիության հղումներ

Հեռահաղորդակցության միջազգային միությունը դեկտեմբերին կքննարկի ինտերնետի վերահսկման խնդիրները


A screenshot from ITU web site

A screenshot from ITU web site

Ռուսաստանում կատարված օրենսդրական փոփոխությանը, ըստ որի ինտերնետը անհրաժեշտության դեպքում կարող է վերահսկվել, բազմաթիվ երկրներ կարող են հետեւել` եթե ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության միջազգային միության կոնֆերանսի ընթացքում 2012-ի դեկտեմբերին վերանայվի այսօր գործող 1988 թվականին սահմանված կարգը, որը հեռահաղորդակցությունը սահմանում է որպես «ազդանշանի ստացում, հաղորդում, բայց ո'չ մշակում»:

«Ազդանշանը մշակելը այլ խոսքերով կարելի է սահմանել որպես ինտերնետային բովանդակությունը քննել ու վերահսկել, ինչը այսօր անհրաժեշտության դեպքում իրականացվում է Չինաստանում, Իրանում, արաբական մի շարք երկրներում եւ շուտով նաեւ` Ռուսատանում», - ասում է Հայաստանի am տիրույթը սպասարկող հասարակական կազմակերպության՝ «Ինտերնետ հանրության» փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

«Եթե ՄԱԿ-ը ընդունի ինտերնետը վերահսկելու թույլտվություն տրամադրող փաստաթուղթը, այդ ժամանակ չի բացառվում, որ ամեն մի երկիր ստեղծի իր համար պատ, ու այդ պատի ղեկավարումը ամեն երկրում կկատարվի այդ երկրին բնորոշ ավանդույթներով», - ավելացնում է Գրիգոր Սաղյանը:

Հեռահաղորդակցության միջազգային միությունում Հայաստանը ներկայացնում է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որի մամուլի ծառայությունից օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ որոշում դեռ չեն կայացրել, քանի որ դիմել են մեր երկրի ինտերնետ մատակարարներին` նրանց կարծիքը փաստաթղթի շուրջ ճշտելու համար, ինչից հետո միայն կհայտնեն Հայաստանի դիրքորոշումը:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության 2010-ի տվյալների, Հայաստանն ունի 218 հազար 400 ինտերնետի բաժանորդ: Ազգային վիճակագրական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ 2010-ից հետո բաժանոդների թիվը մոտ 30 տոկոսով աճել է:

Նշենք, որ 2012-ի առաջին եռամսյակում «Բիլայն» ընկերությունն ունի 160 հազար, «Օրանժ»-ը` 78 հազարից ավելի բաժանորդ: Այս պահին Հայաստանից «Ֆեյսբուք» սոցցանցում գրացված օգտատերերի թիվը 311 հազար է (ըստ Social bakers կայքի տվյալների):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG