Մատչելիության հղումներ

«Քինգ դե լյուքս» - «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ մրցակցության խնդիրը լուծվել է


«Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը այսօր հայտարարություն է տարածել, որում «ցավում եւ ափսոսում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ թույլ է տվել որոշ ձեւակերպումներ եւ արտահայտություններ»:

«Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունք էր, բայց` ոչ երբեք միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության եւ ժողովրդի համար, ու նաեւ նրա բարեգործական գործունեությունը», - նշել է Հարությունյանը` ընդգծելով, որ հարցը փակված է, եւ որ բոլոր խնդիրներն անձամբ ներկայացնելու է Գագիկ Ծառուկյանին եւ խնդրելու է «արժանապատիվ լուծումներ գտնել»:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ծառուկյանը եւ Արթուր Հարությունյանը հանդիպել են: Տոնոյանի խոսքով` Հարությունյանի հայտարարությունը «սպառիչ կերպով պատասխանում է բոլոր հարցերին»:

Երեկ, հիշեցնենք, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ վերջինիս պատկանող Աբովյան - Երեւան ու Չարենցավան - Երեւան երթուղիներում աշխատող անվճար ավտոբուսների կապակցությամբ:

Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուղեւորափոխադրումներով զբաղվող «Քինգ դե լյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջեւ ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների եւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։

«Նախարարությունը կարեւորելով բարեգործության նշանակությունը մեր ժողովրդի սոցիալական շերտերի համար, այսուհետ ավելի հետեւողական է լինելու, որպեսզի այդ գործառույթները իրար չխոչընդոտեն», - տեղեկացրել էր Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, այս ամիս ավելի վաղ «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ էին հայտարարել` պնդելով, թե բարեգործական ավտոբուսները իրենց երթուղուն զուգահեռ են աշխատում եւ խլում են իրենց ուղեւորներին:

Այսօր Աբովյան եւ Չարենցավան տանող ինչպես վճարովի, այնպես էլ բարեգործական ավտոբուսները աշխատում էին: «Քինգ դե լյուքս»-ի վարորդները կտրականապես հրաժարվեցին պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` ասելով, թե ղեկավարությունից ցուցում ունեն չշփվել լրագրողների հետ:

«Քինգ դե լյուքս»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանը, ով խոստացել էր այսօր մեկնաբանել նախարարության հայտարարությունը, այսօր չպատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հեռախոսազանգերին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսները, Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, շարունակելու են անվճար աշխատել: Հարցին, թե ինչպես է կարգավորվել մրցակցության խնդիրը, Տոնոյանն արձագանքեց, թե մանրամասներին չի տիրապետում:

please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG