Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը կառավարության շենքի առջեւ հերթական միջադեպը տեղի ունեցավ ոստիկանների եւ բանակում մահացած զինծառայողների ծնողների միջեւ:

Բանակում մահացած զինծառայողների ծնողները նստել էին շենքի մուտքի մոտ. նրանցից մեկի ոտքերի տակ նախագահական նստավայրի դարպասների դիմաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ արված լուսանկարն էր: Նկատելով մայրերից մեկի ոտքերի տակ այդ լուսանկարը` ոստիկանները, որոնց թիվը այսօր, ի դեպ, սովորականից ավելի էր, փորձեցին վերցնել այն, ինչի արդյունքում իրարանցում սկսվեց:

Անցյալ հինգշաբթի օրն էլ մահացած զինվորների մայրերը գործադիրի նիստից րոպեներ առաջ կառավարության շենք էին ներխուժել` հանդիպում պահանջելով վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ, սակայն դա նրանց չհաջողվեց:

Ոստիկանների եւ բանակում մահացած զինծառայողների ծնողների միջեւ առաջացած վիճաբանությանը խառնվեց նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով ոստիկանների հասցեին «տականք, թափթփուկ, խուլիգան» էր գոռում:

«Ամոթ ձեզ, սգավոր ծնողներին հինգ տարի ձեռ եք առնում, տականքներ», - գոռում էր նա:

Երբ ոստիկաններից մեկը փորձեց վերցնել ոտքերի տակ դրված նկարը` պատռելով այն, իրավիճակն ավելի սրվեց:

«Ես թույլ չեմ տալիս, որ իմ նախագահի լուսանկարը հայտնվի ոտքերի տակ», - ասաց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը, ինչը ավելի բորբոքեց ծնողներին:

Այնուհետեւ Մովսիսյանը փորձում էր հանգստացնել Վարդգես Գասպարիին եւ որդեկորույս մայրերին: Որոշ ժամանակ անց ոստիկանները պարզապես մի կողմ քաշվեցին, եւ ծնողները շարունակեցին իրենց բողոքի ակցիան` կառավարության մուտքի աստիճանահարթակին նստած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG