Մատչելիության հղումներ

Նախատեսվում է դյուրացնել սիրիահայերի` ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը


Կառավարության այսօրվա նիստում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գործադիրի քննարկմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է դյուրացնել ազգությամբ հայ Սիրիայի ու Լիբանանի քաղաքացիների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը:

1998 թվականին ընդունված որոշմամբ նախատեսվում է Հայաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի անձնագրերը հատկացնել Հայաստանում: Սփյուռքի նախարարի ներկայացրած նախագծով առաջարկվում է որոշ դեպքերում թույլատրել Հայաստանի քաղաքացիություն ստացող օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի անձնագիր ստանալ իր երկրում գործող Հայաստանի դեսպանություններում եւ հյուպատոսություններում:

«Այս որոշման ընդունման դեպքում փաստորեն մենք առաջարկում ենք, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Լիբանանում մեր հայրենակիցները առաջին անգամ ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելուց հետո անձնագիրը ստանան մեր դիվանագիտական ներկայացուցչություններում», - ասաց Հակոբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շատ սիրիահայեր իրենց դժգոհություններն են հայտնել այս հարցի վերաբերյալ: Նրանք նշում էին, որ հայկական անձնագիր ստանալը տեւում է մի քանի ամիս, որի ընթացքում ստիպված են լինում անընդհատ երթեւեկել Հալեպից Երեւան ու հակառակը:

Սփյուռքի նախարարը նշեց, որ որոշման նախագիծը վերջնական տեսքի բերելու համար իրեն մեկ օր է հարկավոր` ոստիկանության, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների հետ որոշ ձեւակերպումներ հստակեցնելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը չառարկեց:

Սփյուռքի նախարարը նաեւ նշեց, որ ընդունվող որոշումը կդյուրացնի սիրիահայերի` Հայաստան տեղափոխվելու գործընթացը:

«Պետք է ասեմ, որ հազարավոր մարդիկ են դիմում քաղաքացիության ձեռք բերելու համար, տեղափոխման դժվարություններ կան հատկապես Սիրիայից, եւ այս առումով այս որոշումը շատ կհեշտացնի մեր հայրենակիցների` քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը», - շեշտեց Հակոբյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն իր դժգոհությունն էր արտահայտում Հայաստանի կառավարությունից: Նա ասաց, թե Հայաստանի կառավարությունը սիրիահայերին վերաբերվում է ինչպես օտարների: Մեսրոպյանը ասաց` անհրաժեշտ է լուծել վիզա տրամադրելու հարցը, այն հատկացնել Հայաստանի սահմանին, այլ ոչ թե Սիրիայում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում եւ միայն հրավերի հիման վրա:

«Սահմանում եթե վիզա չունեն, մուտքի վիզա չեն տալիս հայերին, մինչեւ որ այնտեղից վիզա առնեն: Սա մեծ խնդիր է, պետք է որ լուծվի անպայման, քանի որ սիրիահայերը այնտեղից ոնց են դուրս գալիս, իրենք էլ չգիտեն, գոնե սահմանի վրա հեշտացնեն իրենց գործը», - ասաց Մեսրոպյանը:

Նշենք, որ կառավարությունը այսօրվա նիստում այս խնդրին եւս անդրադարձավ` որոշում կայացնելով հնարավորություն տալ ազգությամբ հայերին Հայաստանի մուտքի վիզա ստանալ Հայաստանի սահմանին:

Սիրիահայերը մատնանշում են նաեւ «Արմավիա»-ի տոմսերի թանկացման, ինչպես նաեւ չվերթերի թիվն ավելացնելու հարցերը: Ինչպես «Սիրիական ավիաուղիներ»-ը, այնպես էլ «Արմավիա»-ն Երեւան-Հալեպ-Երեւան ուղղությամբ շաբաթական մեկական չվերթ են իրականացնում: «Արմավիա»-ն վերջերս միջինը 20 հազար դրամով թանկացրել է տոմսերը:

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Ազնավուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ իրենք պատրաստ են աջակցել սիրիահայերին, եթե կառավարությունն աջակցի իրենց: Այս պարագայում Հալեպից Երեւան տոմսերը գրեթե անվճար կլինեն: Նման նախադեպ եղել է, նշում է Ազնավուրյանը` առայժմ չմանրամասնելով, թե ինչքանով կնվազի տոմսի գինը:

«Արմավիա»-ն պատրաստ է շաբաթական երկու չվերթ իրականացնել, եթե...

«Նման նախադեպ եղել է 2006 թվականին Լիբանանի եւ Իսրայելի պատերազմի ընթացքում, կառավարությունը աջակցել է եւ բավականին շատ լիբանանցիները բերվել են Հայաստան: Նման դեպքում քանի որ ռիսկային գոտի է, կան մեծ ապահովագրություններ, ծախսեր, պատրաստ ենք նաեւ երկրորդ չվերթը բացել եւ օգնել Սիրիայի հայերին», - ասաց Ազնավուրյանը:

«Արմավիա»-ն հենց այսպես էլ պատասխանել է սփյուռքի նախարարությանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ նախարարությունը դիմել էր ընկերությանը` խնդրելով վերանայել տոմսերի սակագներն ու ավելացել չվերթների թիվը:

Ազնավուրյանն ասում է, որ եվրոպական երկրները դադարեցրել են թռիչքները դեպի Սիրիա. պատերազմական իրավիճակում իրենց համար առանց այն էլ դժվար է չվերթեր իրականացնել, ու հավելյալ չվերթները լրացուցիչ ծախսեր կպահանջեն:

Ազնավուրյանը նշում է, որ եթե կառավարությունը որոշի աջակցել իրենց, իրենք քննարկումների արդյունքում կորոշեն այն գումարը, որը հարկավոր է «Արմավիա»-ին չվերթերն ավելացնելու ու տոմսերի սակագինը վերանայելու համար: Ազնավուրյանը նշում է, որ իրենց տոմսերը մինչեւ օգոստոսի վերջ սպառված են:

Ինչ վերաբերում է իրենց մեղադրողներին, Ազնավուրյանն ասում է, որ իրենք, ի տարբերություն այլ երկրների, շարունակում են թռիչքներ կատարել պատերազմական երկիր:

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG